Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն, կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի, կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:
բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել, ե՞րբ և ո՞վ էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպե՞ս էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները, շտապելուց ու խառնաշփոթից, մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն, վերևում կիսավեր գմբեթի վրա կսեղմվեն իրար ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։
գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից, արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը բայց դարձյալ ծափահարում էին մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում էին, թե հսկիչները, թե հասարակությունը, թե նապաստակը և թե աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում, նույնիսկ իրեն, չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:
Լրացնել բաց թողած տառերը: Դուրս գրել հնչյունափոխված բառերը, վերականգնել անհնչյունափոխ արմատները:
Տասներկուերորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարակ դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթ-մատյան: Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյաններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թխկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում: Անձնվեր երիտասարդի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։