Աշխարհաքաղաքականության նախապատմությունը սկիզբ է առնում անտիկ աշխարհի մեծ մտածողներից, որոնք մեծ կարևորություն էին տալիս աշխարհագրական գործոնների ազդեցությանը մարդկության պատմական զարգացման վրա։
Նոր ժամանակներում մեծ տարածում ստացավ աշխարհագրական դետերմինիզմի տեսությունը։
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բոդենն փորձում էր բացահայտել ժողովրդի, պետության, նրա քաղաքականության և բնական միջավայրի կապը։ Բոդենը կլիմայի ազդեցությամբ էր հիմնավորում հյուսիսի ժողովուրդների ֆիզիկական առավելությունը հարավի ժողովուրդների և լեռնեցիների առավելությունը հարթավայրերի բնակիչների նկատմամբ։
Ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված իր ուսումնասիրության մեջ եկավ այն եզրակացության, որ Հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը, որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը։
Իր «Օրենքների ոգու մասին» (1748թ․) աշխատության մեջ Մոնտեսքիոն քննարկում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոնների ազդեցությանը։ Մեծ նշանակություն տալով կլիմայական գործոնին՝ նա համարում էր, որ շոգ կլիման ծնում է ծուլություն, սպաում քաղաքացիական արիությունը, բռնակալական կառավարման պատճառ դառնում։
XIX դարի վերջերին աշխարհագրական դետերմինիզմի գաղափարները տիրապետող դարձան։ Այդ գաղափարների զարգացման մեջ մեծ դեր ունեցավ գերմանացի նշանավոր մտածող Ֆրիդրիխ Ռատցելը։ Նա հանգեց այն հետևության, որ պետության ճակատագրի վրա ազդող աշխարհագրական գործոններից առաջնայինը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է։
«Տարածությունը» սոսկ բնատարածք չէ, որ զբաղեցնում է պետությունը, տարածությունը քաղաքական ուժ է։ Ռատցելի տեսական դրույթները դարձան աշխարհաքաղաքականության, մասնավորապես՝ նրա գերմանական դպրոցի հիմքը, որից հետագայում սնվում էր գերմանական ֆաշիզմի արտաքին քաղաքականությունը։
Ժամանակակից աշխարհաքաղաքականության հիմնադիրներից է ազգությամբ շվեդ իրավաբան Յուխան Չելենը։ Նա հայտնի է առաջին հերթին որպես «գեոպոլիտիկա» եզրույթի և «Պետությունը որպես կենսաձև» նշանավոր աշխատության հեղինակ։ Զարգացնելով իր ուսուցչի՝ Ռատցելի տեսակետը, որ բնատարածքը, որտեղ գտնվում է պետությունը, վերջինիս անբաժանելի բաղադրիչն է, Չելենը հանգեց այն հետևությանը, որ այդպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը, ազգաբնակչությունը, տնտեսությունը, կառավարման ձևը և այլ տարրեր։ Չելենի մշակած այս հայեցակարգը հանգեցրեց աշխարհաքաղաքականության գլխավոր դրույթի վերանայմանը։
Նախկին աշխարհագրական միջավայր – արտաքին քաղաքականություն դրույթին փոխարինեց աշխարհագրական միջավայր – մարդ, ժողովուրդ – արտաքին քաղաքականություն դրույթը։
Նոր ձևավորվող աշխարհաքաղաքական հայեցակարգերի շարքում հատուկ տեղ է զբաղեցնում «ծովային ուժի հայեցակարգը», որի հեղինակը ամերիկացի պատմաբան, նավատորմի ծովակալ Ալֆրեդ Մեխենն է։ Հակառակ Ռատցելի և այլ հետազոտողների, որոնք պետության համար գլխավոր առավելություն համարում էին նրա մայրցամաքային կենտրոնական դիրքը, Մեխենը առավելությունը տալիս էր ծովային դիրքին։ Նրա կարծիքով՝ խոշոր, համաշխարհային տերություն կարող է դառնալ այն պետությունը, որն ունի հարմարավետ ծովային (օվկիանոսային) դիրք։ Զարգացնելով իր տեսակետը՝ Մեխենը դեռևս անցյալ դարի սկզբներին կանխատեսում էր, որ ԱՍՆ-ը պետք է դառնա աշխարհի առաջատար ծովային տերությունը և ուղղորդի համաշխարհային զարգացումը։
Աշխարհաքաղաքականության՝ որպես գիտական ուղղության ձևավորման մեջ իր որոշակի դերն է ունեցել նաև ֆրանսիացի Պոլ Վիդալ Բլաշը։ Եթե Ռատցելը վճռական նշանակություն էր տալիս պետության տարածքի մեծությանը, աշխարհագրական դիրքին, ռելիեֆին, «տարածության զգացողությանը», ապա Բլաշը, չմերժելով դրանց կարևորությունը, իր հայեցակարգի կենտրոնում դնում էր մարդուն, բնակչությունը՝ համարելով, որ բնական միջավայրից բացի, մարդը նույնպես վճռական գործոն է, որը գործում է ոչ թե այդ միջավայրից կտրված, այլ նրա հետ «բնական միասնական համալիրի կազմում»։
Մերժելով բնական գործոնի դերի գերագնահատումը՝ Վիդալ Բլաշը հանգեց «պոսիբիլիզմի» հայեցակարգին, համաձայն որի պետության զարգացումն ունի երկու բաղադրիչ՝ տարածական և ժամանակային։
Եթե տարածականը պայմանավորված է բնական պայմաններով, ապա ժամանակայինը՝ մարդկանցով, բնակչությամբ։ Բնական պայմանները լոկ հնարավորություն են, որոնք կարող են իրողության վերածվել տվյալ տարածքը զբաղեցնող մարդկանց միջոցով միայն։
Ժամանակակից աշխարհաքաղաքագիտական մտքի հիմնադիրներից են՝ անգլիացի Հելֆոլդ Մաքինդերը և գերմանացի Կարլ Հաուսհոֆերը:
Նրանք մեծ դեր են խաղացել Երկրորդ աշխարհամարտի արդարացիությունը հիմնավորելու կամ սառը պատերազմում ռազմավարություն մշակելու համար
Մաքինդերի բոլոր տեսությունների հիմքում ընկած էր իր հայրենիքի՝ Բրիտանական կայսրության պետական շահը։Մեծ Բրիտանիայի և օվկիանոսային պետությունների համար նա մեծագույն վտանգ էր համարում մայրցամաքային տերությունների՝ Ռուսաստանի և Գերմանիայի միավորումը։
Աշխարհի «մայրցամաքային կեսում» Մաքինդերն առանձնացնում էր նրա կենտրոնական հատվածը,որը հետագայուն կոչվեց «տարածքային միջուկ» (Հարտլանդ)։
Հարտլանդի սահմանների մեջ ընդգրկվում էր Ռուսաստանի մեծ մասը,Մոնղոլիան,Տիբեթը,Արևելյան և Կենտրոնական Եվրոպան,Փոքր Ասիան,Հայաստանը։
Մաքինդերի կարծիքով աշխարհի կերտրոնը Եվրասիա մայրցամաքն է,իսկ նրա կենտրոնը՝ Հարտլանդը («աշխարհի սիրտը»),այսինքն՝ այն աշխարհագրական պլացդարմը,որտեղից կարելի էր վերահսկել ամբողջ աշխարհը։
Գերմանացի պրոֆեսոր Կարլ Հաուսհոֆերի հայացքները համընկնում էին Ռատցելի այն տեսակետին,որ ամեն մի երկիր իր ազգային-պետական զարգացման համար բավարարա տարածության կարիք ունի,և այդ տարածությունը նա կարող է ձեռք բերել միայն նվաճումների ճանապարհով։
XX դարի վերջերին «ծովայի ուժի» և «ցամաքային ուժի» հակադրությանն իր մեկնաբանությունն է տվել ամերիկյան հայտնի քաղաքագետ Զիգմունդ Բժեզինսկին։
Նրան հետաքրքրել է «Հինգ ծովերով եզրավորված ցամաքի» գաղափարը։Այս ցամաքը մերձավորարևելյան այն տարածաշրջանն է,որ շրջապատված է Սև,Միջերկրական,Կարմիր,Կասպից ծովերով ևՊարսից ծոցով։ Դա Ասիայի,Եվրոպայի և Աֆրիկայի հատման հատվածն է։Եվ այդ տարածքի կենտրոնական մասում են գտնվում Հայկական լեռնաշխարհն ու Միջագետքը։