Posted in Հայոց պատմություն

Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին

Ամփոփ ներկայացրե՛ք ապստամբությունները և դրանց հետևանքները:/գրավոր/

Ս. Առաքելոց վանքի կռիվը

1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր ընդհանուր հուսահատական վիճակ: Նման իրադրությունում խիստ դժվարանում էր հին՝ հայդուկային պայքարի մարտավարությունից հրաժարվելը: Ընդհանուր ապստամբության կազմակերպման կողմնակիցները՝ Հրայրը (Սասուն-Տարոնում), Վարդգեսը (Վասպուրականում) և ուրիշներ, անդուլ աշխատանք էին տանում ժողովրդին վճռական ելույթի պատրաստելու համար: Իսկ հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկը, Գևորգ Չավուշն ու նրանց համախոհները փորձում էին պարտիզանական և վրեժխնդրական ձեռնարկներով կանխել բռնությունները, ոգևորել ժողովրդին: Արդյունքում՝ հայդուկային պայքարը որոշակի վերելք ապրեց: Կարևոր նշանակություն ունեցավ Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի ահաբեկումը 1900 թ. , որը բարձրացրեց Անդրանիկի և մյուս հայդուկների հեղինակությունը: Սակայն հայդուկային պայքարի ամենանշանավոր դրվագն այս շրջանում Ս. Առաքելոց վանքի կռիվն էր: Տարոնի ժողովուրդը հավաքվել էր Մշո առաջնորդարանի մոտ և պահանջում էր տիրող ծանր վիճակից որևէ ելք գտնել: Նշանավոր հայդուկ Հակոբ Կոտոյանը առաջ է քաշում զինված խմբով Ս. Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշարման դիմելու գաղափարը: 1901 թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս. Առաքելոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի: Երեք օր անց սկսվում է կռիվը: Ինքնապաշտպանության օրերին վանքում գտնվողների թիվը հայդուկների հետ միասին հասնում է 140-ի: Բիթլիսի նահանգապետը, որ ստանձնել էր թուրքական ուժերի հրամանատարությունը, բանակցություններ է սկսում հայդուկների պահանջներն իմանալու համար: Անդրանիկը, Գևորգ Չավուշն ու Հակոբ Կոտոյանը պահանջում են ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել հայկական գյուղերն ավերող քրդական զինված ավազակախմբերին, հայերին վերադարձնել զավթված հողերը, վերացնել հայերից տուրք գանձելու քուրդ ցեղապետերի իրավունքը և այլն: Այս պահանջներից մասամբ բավարարվում է միայն առաջինը: Կատաղի մարտերը վերսկսվում են: Պաշարվածների զինամթերքը սպառվում էր: Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները տեղացած ձյան պայմաններում, սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Այս հերոսական կռիվը մեծ տպավորություն գործեց հայության վրա, միաժամանակ արձագանք գտավ արտասահմանում: Հայդուկներն այդ ձեռնարկով փորձեցին մեծ տերություններին հիշեցնել, որ հայկական բարենորոգումները կյանքի չեն կոչվել, և անհրաժեշտ է դրանք իրագործել: Կարևոր էր նաև այդ ելույթի շնորհիվ ժողովրդի բարոյական և մարտական ոգու բարձրացումը:

Սասունի 1904 թ. ապստամբությունը

Ս. Առաքելոց վանքի կռվից հետո հայդուկային ելույթները գրեթե դադարեցին, և շուրջ երկու տարի Արևմտյան Հայաստանում կազմակերպչական եռանդուն գործունեություն ծավալեցին հատկապես Հրայրն ու Վարդգեսը: Ընդհանուր ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905 թ. ամռանը: Սուլթանական կառավարությունն աչալուրջ էր և 1902 թ. սկսեց ուժեր կենտրոնացնել Սասունի մատույցներում: Կովկասահայության շրջանում ծավալվեց Սասունին օգնելու շարժում: Այդ նպատակով վերադարձ է կատարվում զինված արշավախմբերի կազմակերպման գործելակերպին: Առաջինը Թորգոմի «Սրրիկ» ձիավոր խումբն էր, որը, դուրս գալով Կարսից և հաղթահարելով մեծ դժվարություններ, 1903 թ. ամռան սկզբներին անվնաս հասավ Սասուն՝ մեծապես բարձրացնելով ժողովրդի տրամադրությունը: Սակայն մեկ տասնյակից ավելի հայդուկային խմբերից միայն այս մեկին հաջողվեց հասնել Սասուն: Ընդհանուր ապստամբության նախապատրաստումը լիովին չավարտվեց: Թուրքական իշխանությունների նախահարձակ լինելու պայմաններում հայերը դիմեցին ինքնապաշտպանության: 1903 թ. աշնանը Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվեց ինքնապաշտպանության զինվորական մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ: 1904 թ. հունվարին թուրքական զորքերը գրավեցին Սասունի ճանապարհները՝ կտրելով այն Մուշից: Գարնան սկզբներին թուրքական 10-հազարանոց զորքն սկսեց իր առաջխաղացումը: Բացի կանոնավոր զորքերից՝ Սասունի դեմ դուրս բերվեցին նաև մի քանի հազար զինված քրդեր: Նրանց դիմագրավում էին 200 փորձված հայդուկներ և շուրջ 1000 զինված սասունցիներ: Ապրիլի 1-ին թշնամին հարձակվում է հարավային կողմից, որի պաշտպանությունը հանձնված էր Չավուշին: Թուրքերը երկու ուղղությամբ գրոհ են սկսում նաև հյուսիսային ճակատից, որի հրամանատարը Հրայրն էր: Թուրքական հեծելազորը, հանդիպելով հայերի համառ դիմադրությանը, ստիպված նահանջում է: Թուրքական հրամանատարությունն առաջարկում է զենքը վայր դնել: Անդրանիկն ու Հրայրը պատասխանում են, որ զենքը վայր կդնեն 1895 թ. մայիսյան ծրագրի իրականացման դեպքում: Թշնամին վերսկսում է հարձակումը: Ապրիլի 13-ի կատաղի կռիվներում զոհվում է Հրայրը: Նրա մարմինը ընկերները հողին են հանձնում Գելիեգուզանում՝ Աղբյուր Սերոբի կողքին: Անդրանիկի, Գևորգ Չավուշի և Սեբաստացի Մուրադի մարտիկների անձնուրաց գրոհները, սակայն, ստիպում են մեծ կորուստներ տված թշնամուն նահանջել: Գելիեգուզան գյուղի մոտ սկսվում է մեծ կռիվ: Ապրիլի 22-ին թշնամին բազմաթիվ զոհերի գնով միայն կարողանում է գրավել հայերի ինքնապաշտպանության կենտրոնը: Հետո թուրքերը գրավեցին նաև Տալվորիկը, սակայն կռիվները շարունակվեցին մինչև մայիսի կեսերը: Ապստամբության ղեկավարների համար պարզ էր, որ հնարավոր չէ երկար դիմադրել՝ բավարար զենք ու զինամթերք չունենալու պատճառով: Սեբաստացի Մուրադն իր 115 զինյալներով Սասունի անզեն բնակչությանը և վիրավորներին իջեցնում է Մշո դաշտ, տեղավորում հայկական գյուղերում: Նրան հանձնարարվել էր նաև զինամթերք ձեռք բերել՝ պայքարը շարունակելու համար: Թշնամին հաշվեհարդար է տեսնում Սասունում մնացած խաղաղ բնակչության նկատմամբ: Պահը հարմար գտնելով՝ սուլթանը ցանկանում էր տեղի հայությանը վերաբնակեցնել Մշո դաշտում, բայց ի վերջո տեղի տալով սասունցիների սպառնալիքներին ու մեծ տերությունների հյուպատոսների միջամտություններին՝ հրաժարվում է այդ քայլից: Այսպիսով՝ Սասունի 1904 թ. հերոսական ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Այն ցույց տվեց, որ մասնակի ընդհարումներով հնարավոր չէ լուծել արևմտահպության ազատագրման խնդիրը: Ազատագրական պայքարի ղեկավարները, Մշո դաշտի հայությանը չվտանգելու մտահոգությամբ, դադարեցնում են պարտիզանական գործողություններն ու հայդուկներին դուրս բերում երկրից: Նրանց մի մասը հաստատվում է Պարսկաստանում: Մյուսներն անցնում են Արևելյան Հայաստան և Այսրկովկասի այլ շրջաններ, ուր, ինչպես ասվել է, հայ-թաթարական կռիվների ժամանակ կարևոր դեր են խաղում հայության ինքնապաշտպանության գործում: Որոշվում է նաև ժողովրդի պայքարի ոգին պահելու և կազմակերպական աշխատանքները շարունահելու նպատակով Գևորգ Չավուշին մի փոքր խմբով հետ ուղարկել Մուշ և Սասուն։

Հետևանքները

Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները դրսևորել են հերոսականության սքանչելի օրինակներ։ Սակայն անժխտելի է այն իրողությունը, որ Սասունը և այլ բազմաթիվ գյուղեր ամայացել են ու հարյուրավոր հայեր դարձել թուրք զինվորների և քուրդ հրոսակների զոհը։ Ինչպես նաև չեն արդարացել Սասունի ապստամբության կազմակերպիչների հույսերն առ այն, որ կգրավեին Եվրոպական գերտերությունների ուշադրությունը։ Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չի արժանացրել տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել՝ ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության։ Իհարկե, երբ Սուլթանը հայտարարել է, թե արգելում է հայերի վերադարձը Սասուն, գերտերությունների ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել, և դեսպանների ճնշման ու վերահսկողության շնորհիվ շուրջ վեց հազար սասունցիներ կարողացել են անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրերը և իրակացվել են սասունցիների պահանջած 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»։ 

Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։

Leave a comment