Համառոտ ներկայացրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը / պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն / , փորձեք գնահատել պայքարի գլխավոր դերակատարների ջանքերը ազատագրական պայքարի գործում:
Արցախի զինված պայքարը
Արցախի ազատագրական պայքարը տեղի է ունեցել 1724-1731թթ. պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Հայերի ազատագրական զինված պայքարին օժանդակելու ռուսական կայսեր խոստումներով 1724թ. սկզբին Ռուսաստանից Արցախ ժամանեց հայազգի Իվան Կարապետը: Դա ավելի հուսադրեց հայկական իշխանությանը: Նույն թվականին Արցախի ազատագրական ուժերը թուրքերի դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Հայ զորահրամանատարներն օսմանյան բանակի դեմ համատեղ պայքարելու առաջարկ արեցին նաև պարսկական իշխանություններին: Հայկական մելիքությունները պատրաստ էին միասնաբար դիմագրավելու օտար հարձակումներին և ավերումներից պաշտպանելու սեփական երկրին ու ժողովրդին: 1723թ. թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը, ապա նաև՝ Գանձակը։ Երեք ամսից ավելի տևած ինքնապաշտպանական կռիվներից հետո՝ թուրքական զորքերին տալով 20.000 զինվորի կորուստ՝ հանձնվում է 5000 բնակիչ ունեցող Երևանը։ Գանձակի ղեկավարները, այդպիսով, անցնում են թշնամու կողմը, օգնություն չի հասցվում նաև Իրանից։ Արցախի ու Սյունիքի ազատագրական ուժերը թուրքերի դեմ մենակ են մնում։ Թշնամին առաջինը մտնում է Արցախ։ Օսմանյան զորահրամանատարները 1724թ. Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցուն դրդում են նամակ գրել արցախահայերին, հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին, որ նրանք զենքը վայր դնեն և ընդունեն թուրքական հպատակությունը։ Բայց Եսայի Հասան-Ջալալյանն ու նրա զինակիցները անհետևանք թողեցին Աստվածատուր Համադանցու նամակը և պատրաստվեցին մարտնչել օսմանյան բանակի դեմ: 1725թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ, որտեղ նրանք համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին: Հայկական բանակի կորուստներից խուսափելու համար մելիքները շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Թուրքական երկու փաշաները սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց: Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցան ամենուրեք, բարձրացավ հայերի մարտական ոգին: Անհաջողության մատնվեց Արցախի դեմ թուրքական զորքերի նաև հաջորդ արշավանքը: 1726թ. Շուշին գրավելու օսմանյան բանակի համառ գրոհները, հանդիպելով հայերի դիմադրությանը, անհաջողության մատնվեցին: Ութօրյա մարտերից հետո կորցնելով 800 զինվոր՝ թուրքերը ստիպված վերադարձան Գանձակ: Կրած պարտություններից հետո թուրքերն ընտրում են անակնկալ հարձակումների մարտավարությունը: Արցախի ազատագրական պայքարում 1728թ. առավելությունն անցնում է թշնամուն: Հայ զինական ուժերի մի մասը, չստանալով ռուսական օգնությունը և հուսախաբ լինելով, հետագա արյունահեղությունները կանխելու համար գերադասում է բանակցել թուրքերի հետ: Նույն թվականին մահանում է Եսայի Հասան-Ջալալյանը: Հաջորդ տարվա սկզբին Ավան և Թարխան հարյուրապետների գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կասպից ծովի ափերին հաստատված ռուսական բանակ՝ օգնական զորք ստանալու նպատակով: Ռուսները կրկին չընդառաջեցին հայերին, և, օգնություն չստանալով, հայկական պատվիրակությունը չվերադարձավ Արցախ: Սակայն հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակեց ազատագրական պայքարը: 1729-1731թթ. թուրք զավթիչների դեմ պայքարում էր Գյուլիստանի սղնախը, որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը: Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատ ներշնչում հաղթանակի նկատմամբ: Արցախյան շարժման նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Եսայի Հասան-Ջալալյանը ղեկավարել է Արցախի հայության ազատագրական պայքարը, վճռական դեր կատարել հայկական զինված ուժերի միավորման և մարտերի կազմավորման գործում: Արցախի ազատագրական պայքարը համարվում է հայ ժողովրդի գոյության կռվի կարևոր ժամանակաշրջան, իսկ Եսայի Հասան-Ջալալյանի դերը որակվում է անգնահատելի:
Սյունիքի զինված պայքարը
Սյունիքի ազատագրական պայքարը տեղի է ունեցել 1722-1730թթ. պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան և ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ այն համընկել է Արցախի ազատագրական պայքարին: Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանները, Դոփյանները, Պռոշյանները, Օրբելյանները, Վաչուտյանները, Զաքարյանները և Կյուրիկյանները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում: Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։ Հայ ազատագրական ուժերը Սյունիքում անհրաժեշտ չափով համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները զգալի ուժ էին ներկայացնում: Այդ խոչընդոտները հաղթահարելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապ հաստատելու նպատակով Սյունիքից Վրաստան էր մեկնել հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը: Նրա խնդրանքով է, որ Վախթանգ VI-ի բանակում ծառայող հայ զինվորականները՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ 1722թ. ուղարկվեցին Սյունիք: Նրանք հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի հայկական զինված ուժերը: Դավիթ Բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ: Նա աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակեց զորքերի սպարապետ, իսկ առանձին զորաջոկատների հրամանատարներ դարձան տեր Ավետիաը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: Առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ նույն թվականի աշնանը ջևանշիր կոչվող քոչվոր ցեղի դեմ: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ Բեկին: Հայկական ուժերին միավորելու և ոգեշնչելու համար հատկապես կարևոր էր մահմեդականություն ընդունած և թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրին պատկանող Տաթև գյուղի մերձակա ամրոցի գրավումը: Դավիթ բեկը հրամայում է կտրել դավաճան հայի գլուխը, իսկ ինքը գալիս և բնակվում է Տաթևում: Սյունիքի ազատագրական շարժման դեմ հանդես եկան ու Կապանի ապստամբների վրա հարձակվեցին նաև շրջակա մահմեդական տիրակալները: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723թ. Չավնդուրի մոտ, որտեղ հայ զորականներին հաջողվեց լիակատար հաղթանակ տանել: Հայկական զորքերը Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի հրամանատարությամբ գրավեցին նաև Զևայի անառիկ բերդը: Հաջորդ կարևոր հենակետը Որոտան բերդն էր, որի գրավման համար հայկական զորքերը մեծ ջանքեր գործադրեցին: Հակառակորդին հաջողվել էր հետ մղել հայկական զորքերի չորս գրոհները: Հերթական գրոհի ժամանակ հայերը կարողացան անցք փորել պատի մեջ և մտնելով բերդ՝ գրավել այն: Դավիթ Բեկի գլխավորած շուրջ մեկ տարվա հաղթական պայքարից հետո Սյունիքը ազատագրվեց օտար տիրապետությունից: Այնտեղ Դավիթ Բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնատեղի դարձավ Հալիձորի բերդը: Պարսից շահը 1724թ. ճանաչեց Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը, Դավիթ Բեկի հետ դաշինք կնքեց և նրան իրավունք վերապահեց դրամ հատելու: Շահը կոչ է անում շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ Բեկի հետ: Նա անգամ հրամայում է պարսիկ կառավարիչներին ռազմական օժանդակություն ցուցաբերելու հայկական իշխանությանը: Թուրքական զորքերը Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական: Նրանք փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Շրջակա մահմեդական տիրակալների զինված ուժերը միանում են օսմանյան բանակին: Թշնամուն հաջողվում է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկն իր զորքով ամրացավ Հալիձորի բերդում: 1727թ. մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը: Հայկական ուժերին հաջողվում է հետ մղել թշնամու համառ գրոհները: Օսմանցիների մի մասին հաջողվում է մագլցել բերդի պարիսպների վրա, սակայն հայ ռազմիկները թշնամու զինվորներին ցած են գլորում պարիսպներից: Դավիթ Բեկը որոշում է դուրս գալ շրջափակված ամրոցից և հակահարձակման միջոցով անակնկալի բերել թուրքերին: Նրան հետևեցին երեք հարյուր զինյալներ: Աննկատ դուրս գալով բերդից՝ նրանք հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի: Ընդհանուր առմամբ Հալիձորի ձակատամարտում թուրքական բանակից զոհվեց 13.000 զինվոր: Թշնամուց խլվեց 148 դրոշ, նրանց բանակի ամբողջ կողոպուտն ու ունեցվածքը: Հայկական զորքերը՝ Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի հրամանատարությամբ, հետապնդելով թշնամուն, հարձակման անցան Մեղրիի ուղղությամբ: Թշնամին կատարյալ պարտություն կրեց և Մեղրին ազատագրվեց: Հալիձորի և Մեղրիի հաղթանակները նոր լիցք հաղորդեցին հայ զինվորներին: 1728 թվականը շրջադարձային եղավ նաև Սյունիքի համար. մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարությունն անցավ Մխիթար սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ: Սակայն, թուրքական բանակը, նոր համալրում ստանալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում, որը բացասաբար անդրադարձավ պայքարի հետագա ընթացքի վրա: Հալիձորի բերդի նոր պաշարման ժամանակ Մխիթար սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, բայց տեր Ավետիսը վստահեց թուրքերին և նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին Հալիձորը, կողոպտեցին ու կոտորեցին բերդում մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո թեև Մխիթար սպարապետին հաջողվեց մի որոշ ժամանակով միավորել հայկական ուժերին և թուրքերի դեմ մի շարք հաղթանակներ տանել, սակայն ապստամբական ուժերի ջլատումը հնարավոր չեղավ կասեցնել: 1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի հայկական զորքերը, միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել: Այնուհանդերձ, 1720-ական թթ. զինված պայքարի շնորհիվ Սյունիքում որոշակի ժամանակով վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը, իսկ Հայաստանի ազատագրության պայքարի պատմությունը հարստացավ փառավոր էջով՝ հետագա սերունդներին մղելով հերոսական պայքարի: