1.Գաղտնի ժողովներ, Հայաստանի ազատագրության համար հնարավոր նոր դաշնակիցների որոնումներ:
17-րդ դարում քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան Հայաստանի անկախության ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիան ստանձնեց Թուրքիային Ավստրիայից և եվրոպական այլ պետություններից պաշտպանելու քաղաքականություն: Իսկ հայ ազգային ուժերը ստիպված էին որոնելու նոր դաշնակիցներ: Այսպիսով Հայաստանը որոշեց ապավինել Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրության ու Լեհաստանի հետ հակաթուրքական համագործակցությանը: Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արևելյան Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ գործիչների քննարկման առարկան էր: Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին քաջատեղյակ էր Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Նա 1677թ. Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին նաև Սյունիքի ու Արցախի մելիքները: Ժողովի ժամանակ որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678թ. վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ գնում է Կ. Պոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: 1679թ. կաթողիկոսը բանակցություններ է սկսում Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ: Մոտ երկու տարի Հակոբ Ջուղայեցին մնում է Կ. Պոլսում և մահանում հիվանդությունից, իսկ պատվիրակությունը ետ է վերադառնում Հայաստան: Պատվիրակության հետ մեկնած երիտասարդ Իսրայել Օրին որոշում է Կ. Պոլսից ուղևորվել Իտալիա, որից հետո Ֆրանսիա և անցնել զինվորական ծառայության՝ ստանալով սպայի աստիճան: Այնուհետև նա տեղափոխվում է Գերմանիա, որտեղ կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր գաղափարները: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է գալ հայրենիք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ազգային-քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, գնում է Էջմիածին, ապա մեկնում Սյունիք: Սյունիքի մելիքների աջակցությամբ 1699թ. Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Ժողովի ընթացքում վճռվում է Իսրայել Օրուն լիազորել բանակցություններ վարելու ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ:
2.Ներկայացրեք ըստ ձեզ այս շրջանի ամենաիրատեսական ծրագիրը: Ըստ ձեզ ինչն էր պակասում ծրագրերի հաջողության համար:
Կարծում եմ այս շրջանում Հայաստանի անկախության համար նախատեսված ամենաիրատեսական ծրագիրը Մոսկովյան ծրագիրն էր, որը Իսրայել Օրին 1701թ. ամռանը ներկայացրել էր Պոտրոս 1-ին: Ըստ ծրագրի նախատեսվում էր կազմավորել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան, իսկ մյուս մասը շարժվելու էր ցամաքային ճանապարհով՝ Թերեք-Դերբենդ: Նիզովայի նավահանգստում ափ իջնելուց հետո ռուսական բանակը սրընթաց երթով շարժվելու էր հետևյալ չորս ուղղություններով՝ Գանձակ, Լոռի, Կապան, Նախիջևան։ Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբ հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանն ազատագրել շատ կարճ ժամանակում՝ նկատի ունենալով Պարսկաստանի՝ դիմադրելու անկարողությունը: Այսինքն Արևելյան Հայաստանի ազատագրումը պետք է տեղի ունենար շուրջ 20 օրվա ընթացքում։ Պետրոս I-ը այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, ուստի հուսադրում է Իսրայել Օրուն, թե կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո: Այսպիսով Պետրոս I-ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվում է Իսրայել Օրին, որին տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան: Իսրայել Օրին, սակայն, մեկնում է նախ Եվրոպա և Հռոմի պապից ևս ստանում պարսից շահին ուղղված նամակ, որտեղ խնդրվում է քրիստոնյա բնակչության հանդեպ հալածանքներ թույլ չտալ: Իսրայել Օրին 1708թ. ժամանեց Շամախի քաղաք, այնուհետև 1709թ. մեկնեց Սպահան և հետո վերադարձավ Այսրկովկաս: Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ և չկարողացավ ավարտին հասցնել իր ծրագիրը, սակայն նրա գործունեությունը մեծ դեր խաղաց ազատագրական պայքարի պատմության մեջ: Կարծում եմ ծրագրերի հաջողության համար պակասում էր միասնականությունը, համախմբվածությունը և հեռատեսությունը: