Կենասագրություն
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականին շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։
Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։
Նովելները
Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը (ռեալիզմ)։

1909 և 1911 թվականներին լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։
Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարքիների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ու հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։
Գյուղը տնքում է հարկերի ծանրության տակ։ Կարիքը, թուրքական տերունական պարտքերը և վաշխառուների կամայականությունները գյուղացիներին ստիպում են բռնել Պոլսի ճանապարհը։ Ամուսնամալուց մեկ-երկու ամիս հետո, երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորը («Այրին»)։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ փրկելու իրենց ընտանիքները, բարոյազուրկ Մարտիրոսը ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ, մոռանում է պատիվ ու սրբություն, դառնում է անպետք մարդ, դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում՝ ընտանիքը լքած ամուսնու մեղքը։
Հուշեր
Գրվել է Գրիգոր Զոհրապի ընկեր Վարդգես Սերինկյուլյանի կնոջ` Հռիփսիմե Սերինկյուլյանի կողմից: Նա մոտ է եղել Զոհրապի ընտանիքին, ականատես է եղել նրանց նիստուկացին, Զոհրապի ձերբակալությանը և աքսորելուն, ընտանիքի տառապանքներին:
Գրիգոր Զոհրապի պես մեծ մտքի տեր և հանճարեղ անձնավորության մասին գրելու համար պետք է գրիչ ունենալ և ոսկի գրիչ, իսկ իմս մատիտ է անգույն, բայց որովհետև իրարու շատ մոտ մարդիկ ենք եղած և ամեն օր հանդիպած, մանավանդ որ տղայիս կնքահայրն էր, փորձեմ հուշերես բան մը թողուլ սա թուղթին, որ մնա անկորուստ։
Զոհրապ միջահասակ, բավական լեցուն կազմվածքով, կլոր դիմագծերով, ուշագրավ տեսքով, շարժուձևերով աշխույժ մեկն էր, զննող, նկատող հայացքով, այնպես կդիտեր շուրջը, որ կարծես գրելու նյութ կհավաքեր։ Արտաքնապես միշտ շատ ճաշակավոր, անգլիական ամենաազնիվ բրդեղեն կտորներով կոստյումներու մեջ և ամեն ինչ հագվածին համապատասխան, բաճկոն, փողկապ, թաշկինակ և այլն, և այս բոլորը շատ անփույթ ձևով, կարծես ինքնիրենը եղած ըլլար։
Պերճաբան էր Զոհրապ, բառի ամենալայն իմաստով, ճիշտ այնպես կխոսեր, ինչպես որ կգրեր։ Ուր որ ալ ըլլար` խորհրդարան, ազգային երեսփոխանական ժողով, որևէ ընկերական հավաքույթ, գրական երեկո, իրենց տունը, մեր տունը, երբ Զոհրապն էր խոսողը, բոլորը կլռեին և բերանաբաց կլսեին։ Ան կնկարեր, կքանդակեր կարծես իր պատմածը։
Ամեն նորության, ըլլա գրական, գիտական, գեղարվեստական, քաղաքական, անմիջապես կտեղեկանար, ոչ միայն իր ապրած երկրին մեջ, այլև ամբողջ աշխարհի մեջ և իր հեղինակավոր կարծիքը կհայտներ այդ մասին։
Բնակարանը, Բերա թաղամասի Այազ- փաշա փողոցի ծովահայաց մեծ տան մը մեջ, վերևի 4-րդ հարկը, սքանչելի տեսարան ուներ։ Ննջարանի պատշգամեն, պատուհաններեն ցույց կուտար շոգենավերու, նավակներու, մակույկներու անընդհատ լողալ-երթևեկը` կյանքին հետ համեմատելով։
Աշխատասենյակը կգտնվեր մուտքի դռան ճիշտ դիմացը, ոչ շատ մեծ, պատերը մինչև առաստաղը գրապահարաններ` փառակազմ գրքերով։ Գրասեղանը նույնպես ոչ մեծ, ամենաազնիվ փայտեղենով շինված, վրան ամեն ինչ գեղարվեստական` թանաքաման, գրիչ, մատիտ, թերթահատ, արձանիկներ և այլն։ Կսիրեր առհասարակ դուռը բաց աշխատիլ, գրասեղանին առջև, կքած թուղթերուն վրա, պենսնեն քթին։ Իրենց այցելելու ժամերուն, երբ կտեսնեինք զինքը այդ դիրքում, արագ մը կանցնեինք և կմտնեինք հյուրասենյակ։ Մեր գալեն քանի մը րոպե անց, կուգար եռանդով բարևելու մեզ։ Ներողություն կխնդրեինք իրմե, որ զինքը խանգարեցինք։ «Մինչև ետքը թուղթերուս հետ միայնակս մնալու չեմ վերջապես» ,- կպատասխաներ։ Կսկսեր պատմել, կատակել։ Առհասարակ խոսակցությունը միշտ համեմած էր սրամիտ կատակներով։ Ամենասովորական դեպքը կպատմեր գունագեղ։ Մեծ հաճույքով կլսեինք զինքր, կամ, ավելի ճիշտ, կտեսնեինք պատմածները։
Բրյուսելի ցուցահանդեսեն վերաղարձին, եթե չեմ սխալիր` 1914 թվականին, արձան մր բերած էր` սպիտակավարդագույն մարմարի վրա քանդակված ոչխարներու հոտը, հովիվը` միասին։ Արձանը տեղավորեր էին պատուհանին մեջ, ժանյակավոր վարագույրին հետև, ելեկտրական լույսին տակ, ուր ավելի ցայտուն, ավելի գեղեցիկ կերևար ան։ Զհրապը մեզի ցույց կուտար արձանը ըսելով.«Ի՜նչ ճիշտ մտահղացում և մատներու ի՜նչ նուրբ ճարպիկություն պետք է, սա անխոս մարմարին այս կյանքը տալու համար։ Ոչխարներու գեղմը կշոշափես ափիդ մեջ, հովիվը տիրական կանգնած, խուզարկու հայացքը նետած հեռուն, պահապան գամփռը ոտքերուն առջևը։ Քանդակագործին ձեռքին ավելի նուրբ ու համառ աշխատանքն է գնահատելի»։ Զոհրապ առհասարակ ամեն բանի վրա թափված աշխատանքն էր որ կգնահատեր։
Ամբողջ բնակարանը նման էր գեղարվեստի թանգարանի մը։ Ընտանիքով բոլորը կինը` Կլարան, աղջիկները` Դոլորես և Հերմինե, տղաները` Լևոն և Արամ, վերին աստիճանի նուրբ և գեղեցիկ ճաշակի տեր մարդիկ էին։ Ներս մտնողր չէր գիտեր ո՛ր նկարին, ո՛ր արձանին, ո՛ր գեղեցիկ ծաղկամանին առջև կանգներ ու դիտեր հիացումով։ Ճաշարանի պատերը ծածկված էին Էդգար Շահինի ձեռակերտ նկարներով։ «Որչա՜փ շարժուն կյանք կա բոլորին մեջ և համառ, տոկուն աշխատանք»,- կըսեր Զոհրապ։
Որևէ անճաշակ բան կամ ոչ ճիշտ երևույթ տեսնելով կավելցներ. «Բարբարոս ձևով մը եղած է»։ Մեծ մտածողը կարո՞ղ էր գուշակել, որ այդ «բարբարոս» ձևը իր վրա պիտի գործադրվեր և ինք պիտի նահատակվեր բարբարոսաբար։
Տան մեջ մանուկի մը պես կխնամեին զինքը, ամեն ինչ նախապես մտածված` սնունդ, հանգիստ, հագուստ և ամեն բան։ Երբեմն կբողոքեր. «Ձգեցեք անգամ մըն ալ ուզածիս պես շարժիմ, ուզածս ընեմ»,- կկատակեր հաճախ այդ մասին, և մենք րոլորս կծիծաղեինք:
Կիրակի օրերը կսիրեր ոտքով երկար պտույտներ ընել մեծ աղջկան` Դոլորեսի հետ։ Բավական հեռու կապրեինք մենք։ Սովորականեն տարբեր, ուժեղ զանգահարումով մը ներս կմտներ և դեռ միջանցքին մեջ «սատե մը» կպատվիրեր («սատե», թուրքերեն, կնշանակե «միայն, զուտ», այսինքն սուրճ առանց շաքարի)։ Հազիվ նստած, կպատմեր իր տպավորություններեն կամ նոր պատահած դեպքե մը։
Իրավաբանական ասպարեզին մեջ առաջինն էր. ինչ դատ որ ստանձներ, անպայման պետք է շահեր։ Փաշայի մը շատ խճճված դատը ստանձնեց, շահեցավ, փաշան շնորհակալ եղավ մեծ վարձատրությամբ։ Ինքն ալ նույն առատաձեռնությամբ կծախսեր ամենուն վրա, ամեն բանի համար։
Իբրև իրավաբան կցված էր ռուսական դեսպանատան հետ։ Կսիրեր ռուսերը: «Անոնք շիտակ մարդիկ են, մեզի պես չեն»,- կըսեր։ Դեսպանատան զինվորական կցորդը շատ մոտ էր Դոլորեսին, զոր կսիրեր, բայց որովհետև դիվանագիտական ասպարեզին մեջ աշխատողը իրավունք չուներ ամուսնանալու օտարահպատակ աղջկան հետ, խոստացած էր երթալ, ձգել պաշտոնը, վերադառնալ և կապվիլ ամուսնությամբ։ Գնաց և ուշացավ։ Ազդված էին ընտանիքով, հայր ու աղջիկ մանավանդ, իսկ հետո պատերազմն սկսավ և ամեն ինչ այլ ձև ստացավ արդեն։
Զոհրապ լիովին վստահ էր ռուսերուն հաղթանակին։ «Արևելյան սահմանագլուխին վրա ռազմական ուժ չունինք»,- կըսեր։ Այդպես ալ եղավ։ Կռիվն սկսելեն քիչ վերջ, ռուսական բանակը մտավ Տաճկաստան, բայց, ափսո՜ս, նահանջեց, գրեթե իսկույն, որմե հետո ոճրագործ իթթիհադականները (օսմանյան կառավարության ղեկավար կուսակցությունը) սկսան իրագործել նախապես ծրագրված հայերու բնաջնջումը, աննախընթաց բռնագաղթով։ Զոհրապի տրամադրությունը փոխվեցավ բոլորովին. մտախոհ, ծանր տեսք ուներ։ Իսկ երբ 1915 թվականի ապրիլ 24-ի գիշերը ձերբակալություններ եղան Պոլսի մեջ, մտավորականներու մեծ մասը ձերբակալվեցավ և հաջորդ օրն իսկ աքսորվեցավ, Զոհրապ ամեն օր ամուսնուս` Վարդգեսին հետ կդիմեր «նեզարեթ»-ները (մինիստրություն), ինչպես և գլխավոր ոստիկանապետ Բեդրի բեյին ու բացատրություն կպահանջեր անմեղ մարդոց հանդեպ կատարված հալածանքներուն համար։ Մինչև որ… զիրենք ևս ձերբակալեցին մայիս 20-ի երեկոյան, ազատվելու համար բողոքներեն, և հաջորդ օրը, առավոտ կանուխ, աքսորեցին սևածիր ճամբաներով…
Զոհրապի գրական գործունեության մասին չեմ համարձակիր բան մը ավելցնել, քանի որ Մինաս Հյուսյանը և ուրիշներ այնքան ձեռնհասորեն ուսումնասիրած են անոր գրական ժառանգությունը։ Ըսեմ միայն, որ ինքը` մեծ Զոհրապը, ոչ մեկ կարևորություն կուտար իր գրվածքներուն։ «Կյանքեն պզտիկ նոթեր, պզտիկ պատկերներ են անոնք,- կըսեր, — ես ամատյոր մըն եմ միայն գրական ասպարեզին մեջ»։ Ականջիս մեջ կհնչե դեռ իր համեստ արտահայտությունը։
Զոհրապը ճանչցեր եմ 1911 թվականին, երբ ամուսնությանս առթիվ փոխադրվեցա Պոլիս։ Քանի մը օր էր որ հասած էինք Պոլիս, դեռ ոչ բոլորովին տեղավորված։ Զոհրապ հրավիրեց մեզ ճաշի, թեև կինը բացա կա էր, Եվրոպա գացած ըլլալով։ Ինքը Զոհրապ, տղան և փոքր աղջիկը ընդունեցին մեզի։ Առաջին պահին այնպես ջերմ սիրալիրությամբ դիմավորեց մեզի, կարծես հինեն մոտ բարեկամներ եղած ըլլայինք, և այդպես մնացինք մինչև վերջին օրը։ Հիսուն տարեկան էր այն ժամանակ, թեև մազերը բոլորովին սպիտակած, բայց երիտասարդի աշխույժ և ավյուն կար բոլոր ձևերուն մեջ։ Հետաքրքրությամբ հարցեր կուտար, պատմել կուտար գավառի` Էրզրումի կյանքեն, դպրոցներու մասին և այլն։ Ես ալ կպատասխանեի տեսակ մը քաշվելով, երևի երիտասարդ տարիքիս պատճառով։
Շարժապատկերի պաստառին պես տեսողությանս առջև կսահի վերջին պահը, երբ առավոտ կանուխ գացի Սիրքեջիի կայարան ճանապարհելու զիրենք։ Ամուսինս հաջողեր էր բացառիկ թույլտվություն ձեռք բերել, որ ճանապարհելու երթամ։ Ոստիկաններով շրջապատված, փոքր սենյակի մը մեջ, նստած էին Զոհրապն ու Վարդգեսը տախտակե բազմոցին վրա, անհայտին առջև հուսաբեկ արտահայտությամբ։ Կոշիկներուն կոճակները կոճկված չէին, մազակալս տվի, որ կոճկե։ «Այդպես ալ մնա նե, ի՞նչ հոգ»,- ըսավ։ Հրամայեցին, որ թուրքերեն խոսի։ Քանի մը խոսք ըսավ տիկնոջ հաղորդելու։ Հազիվ կես ժամ անցած, տարին, նույնպես ոստիկաններով։
Տարին… անանուն ճանապարհներով, ոչնչացնելու համար հայ մտքի, գրչի, գաղափարի այլ տիտաններու հետ։
Ձերբակալության հաջորդ օրը Զոհրապի կինը, գլուխը կորսնցուցած, կդիմեր աջ ու ձախ պաշտպան գտնելու, ամուսինը ազատելու և վերադարձնելու համար։ Գերմանական դեսպանատուն, խորհրդարանի նախագահին, վարչապետին և ուրիշ ծանոթներու կատարված դիմումները անցան իզուր, ոչ ոք օգնեց, ոչ մեկ բան ընել ուզեցին։
Օսմանյան խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Խալիլ բեյը Զոհրապի մոտ ապաստաներ էր, երբ Իթթիհադը կհալածվեր Իթիլաքեն (իրարու հակառակ կուսակցություններ)։ Խալիլ բեյը հալածանքի օրերուն շունչը առեր էր Զոհրապի տունը և երկու շաբաթեն ավելի պահվեր էր անոր մոտ, մինչ հաջողցուցեր էին զայն գաղտնի հեռացնել Պոլսեն։ Նույն այդ նզովյալ Խալիլը «Ոչ մեկ բան ընել չեմ կարող»,- պատասխաներ էր Զոհրապի կնոջ։ Իսկ երբ Կլարան վարչապետին դիմեց որպես ծանոթ, ըսելով, որ «Իմ ամուսինը հեղափոխական չէր, ոչ մեկ կուսակցության կպատկաներ, այս հալածանքին պատճառն ի՞նչ է»,- վարչապետը անամոթաբար պատասխաներ էր. «Չե՞ք գիտեր որ թաց խոտն ալ չորին հետ կվառի»։
Ճիշտ նույն պատասխանը, նույն բառերով գրեր էր Րաֆֆին իր «Կայծեր»-ուն մեջ, երբ Ասլան կբողոքեր Վանի վալիին, անմեղ մարդոց դեմ կատարված հալածանքներուն համար։
Արևմտահայերու ճակատագիրը դարերե վեր դառնագինորեն նույնն է եղած։
Զոհրապ հաջողեր էր ճանապարհեն մեկ-երկու նամակ և հեռագիր մը հասցնել տուն: Իսկ երբ այդ ևս դադրեցավ, ընտանիքը մնաց առանց լուրի։ Կլարան օրը քանի մը անգամ հեռախոսով կհարցներ, թե որտե՞ղ կգտնվի ամուսինը, որմե ինքը ոչ մեկ լուր ուներ, ոճրագործները պատասխաներ էին. «Զոհրապ յոլդա օլմյուշ» («Զոհրապ ճանապարհին մեռեր է»)։
Անկարելի է նկարագրել սոսկալի հարվածի ազդեցությունը Զոհրապի ընտանիքին վրա: Անհնար է երևակայել ընտանիքի ապրած մեծ վիշտը։ Հաջորդ օրն իսկ ուզեցին մահազդ տալ, հոգեհանգիստ կատարել, բայց արգիլեցին։ Նման ոճրագործության վրայեն պետք էր լռելյայն անցնիլ։
Արտասուքներու հեկեկանքին մեջեն տիկին Կլարան ցույց կուտար Զոհրապի գրասեղանը, գրապահարանները, հանդերձադարանը և կհեկեկար. «Այս ամենը ձգեցիր, ո՞ւր գացիր, ես քեզ հիմա ո՞ւր պիտի, գտնեմ…»։
Հիշողություններս, թեև փոքր, բայց իրական, թող մնան թուղթին, իբր հիշատակ անմահ Զոհրապին։
4 դեկտեմբեր 1963
Թբիլիսի
Ճիտին պարտքը
Նորավեպը Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» շարքից է: Նորավեպի սյուժեն զարգանում է խոր հոգեբանական զննությունների ուղիով: Նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան, խոշոր առևտրականությանը զոհ գնացած մարդկանցից մեկն էր: Նրա օրինակով Զոհրապը ցույց է տալիս ողջ հասարակական խավի ողբերգությունը:
Նորավեպը բաղկացած է 8 փոքրածավալ գլուխներից: Առաջին գլխում ներկայացվում է հերոսի կաշվե պայուսակը, որը նրա հոգսերի խորհրդանիշն էր: Երկրորդ գլխում ներկայացվում է գլխավոր հերոս Հուսեփ աղան: Հաջորդ գլխում ներկայացվում են առևտրական հարաբերությունները, ֆինանսական վիճակի վատթարացումը և այլն: Նախավերջին գլխում ներկայացվում է ողբերգական հանգուցալուծումը, երբ Հուսեփ աղան ինքնասպան է լինում: Ութերորդ գլխում նկարագրվում է Հուսեփ աղայի մահացած մարմինը և քարով լցված կաշվե պայուսակը…
Գլխավոր հերոսը` Հուսեփ աղան միջահասակ, ալեհեր վաճառական էր և ապրում էր իր երկու դստրերի հետ: Եղել էր վաճառական, ապա խանութպան: Սակայն հիմա այլևս ոչ վաճառական է, ոչ էլ խանութ ունի, իսկ մայրը վաղուց էր մահացել` թողնելով ամուսնուն միայնակ, երկու աղջիկների հետ: Հուսեփը սնանկացավ: Նա այլևս չէր կարողանում ապահովել իր երկու դստրերի ցանկությունները։ Սակայն այդ մասին նրա դստրերը տեղյակ չէին, քանի որ հայրը ցանկանում էր, որ նրանք մեծանան անհոգ միջավայրում:Հուսեփը ամեն օր հեռանում էր տանից անհույս՝ ուսին գցելով իր պայուսակը, որը դարձել էր նրա հոգսերի ընկերը, խորհրդանիշը: Սակայն ետ վերադառնալիս իրեն վատ էր զգում, քանի որ պայուսակը միշտ դատարկ էր լինում, և նա չէր կարողանում արդարացնել աղջիկների սպասումները:Այսպես մի օր էլ նա ինքնասպան է լինում:
Ստեղծագործությունը նկարագրում է, թե ինչքան մեծ կարող է լինել հայրական սերն ու հոգատարությունը: Կարծում եմ բոլորն էլ կվարվեին պատմվածքի հերոս Հուսեփի նման, ով ամեն ինչ անում էր որպեսզի բավարարեր իր աղջիկների պահանջները, չէր ուզում անհանգստացնել նրանց և ծանրաբեռնել իր հոգսերով: Իհարկե նրա ինքնասպանության քայլը ճիշտ չեմ համարում, սակայն նա այդ քայլին էր դիմել, քանի որ չէր կարող գնալ տուն առանց գումարի, չէր կարող նայել իր աղջիկների աչքերի մեջ: Կարծում եմ՝ նա պետք է փորձեր փայքարել, պատմեր աղջիկներին կատարվածը, չէ՞ որ նրանք արդեն չափահաս էին և կարող էին օգնել իրենց հորը, ով ամեն ինչ անում էր իրենց բարեկեցության համար:
Զաբուղոն
Նորավեպը Զոհրապի «Լուռ ցավեր» շարքից է: Նորավեպը սյուժե չունի. իրար հաջորդող դեպքերի շղթա գոյություն չունի: Հեղինակը պատմում է մի իրադարձության մասին, որ երկար մտորելու տեղիք է տալիս: Նովելում մենք տեսնում ենք հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություն հեղինակի կողմից:
Նորավեպը բաղկացած է 4 փոքրածավալ գլուխներից: Առաջին գլխում ներկայացվում է Զաբուղոնը: «Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր արդյոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կստանա, իրողության կարգ կանցնի»,- նրան հեղինակն այսպես է ներկայացնում: Երկրորդ գլխում ներկայացվում է նրա սիրած աղջիկը՝ Վասիլիկը: Երրորդ գլուխը նրանց մտերմության և բաժանման պատմությունն է: Չորրորդ գլուխը պատմում է այն մասին, թե ինչպես Զաբուղոնը, երեք տարի տանջվելով, կարողանում է փախչել բանտից, բայց, Վասիլիկին ուրիշի հետ տեսնելով, վերադառնում է բանտ:
Զաբուղոնը մի չստացված՝ ճարպիկ գող էր, ով շշուկով մտնում էր ամեն ծակուծուկ և գողություն անում: Նա մի օր նշանվում է Վասիլիկ անունով մի աղջկա հետ, բայց որոշ ժամանակ անց նրանք սկսում են հաճախ վիճել: Մի օր Վասիլիկը ամուսնության առաջարկություն է ստանում մի անծանոթ տղամարդուց և ամուսնանալու համար նա այդ գիշեր ոստիկանություն է կանչում, որպեսզի բռնեին Զաբուղոնին: Նա յութ տարի պետք է անցկացներ բանտում: Նա շատ անգամ էր փորձել փախուստի դիմել, սակայն ապարդյուն: Երեք տարի անց նա վերջապես դուրս եկավ բանտից, սակայն, տեսավ, որ կինը ուրիշի հետ է ամուսնացել, և այդ ժամանակ նրա մոտ կնոջը սպանելու ցակություն առաջացավ, բայց նա չդիմեց այդ քայլին՝ մտածելով իր սեփական կյանքի մասին:
Կարծում եմ երկու կերպարներն էլ ունեին իրենց վատ կողմերը: Վասիլիկը դավաճան էր, քանի որ իր ամուսնու կյանքը փչացրեց, մինչ դեռ կարող էր ուղղակի բաժանվել նրանից: Իսկ Զաբուղոնը թեև գող էր, բայց հասկացող, գիտակից մարդ էր և արժանի չէր նման վերաբերմունքի:Միգուցե Զաբուղոնն էլ պատժվում էր իր վատ արարքների և գողությունների համար: Զաբուղոնը շատ ճիշտ վարվեց չսպանելով Վասիլիկին, քանի որ պետք չէր փչացնել կյանքը մի կնոջ համար, ով քեզ դավաճանել է: Պատմվածքը ցույց է տալիս, որ պետք չէ վստահել մարդկանց մինչև վերջ, քանի որ ամենահարազատ և սիրելի մարդիկ էլ կարող են դավաճանել, վնասել և ցավ պատճառել:
Այրին
Նորավեպը մի կնոջ մասին է, ում ամուսինը` Մարտիրոսը, ամուսնությունից անմիջապես հետո լքում է ընտանիքը և մեկնում Պոլիս աշխատելու: Մարտիրոսը՝ լինելով քաղաքում, տեսնեկով քաղաքի գեղեցկությունն ու համակրանքը, մոռացության է տալիս թե՛ գյուղը, թե՛ կնոջը: Մարտիրոսը այլևս չի վերադառնում, նա ամուսնանում է և ստեղծում նոր ընտանիք, կնոջը թողնելով միայնակ: Ամեն օր Մարտիրոսի կինը գնում է այն վայրը, որտեղից ճանապարհել էր ամուսնուն, այն հույսով, որ ամուսինը կվերադառնա, բայց նա այդպես էլ չի վերադառնում: Չնայած նրան, որ կինը սպասում և հիշում էր ամուսնուն, սակայն նրան ոչ սիրում էր, ոչ էլ լավ ճանաչում: Այսպիսով կինը ամուսնուն համարում է մահացած, իսկ իրեն այրի:
Կարծում եմ Մարտիրոսը մեղավոր չէր, նա գնացել էր աշխատելու իր սեփական ընտանիքի համար, սակայն տեղի միջավայրը նրան շեղեց և տարավ սխալ ճանապարհով: Մարտիրոսը և Զարդարը չէին սիրում միմյանց, հետևաբար կարող ենք ասել, որ Մարտիրոսը չի դավաճանել իր կնոջը, բայց միևնույն է նրա քայլը սխալ էր:Սակայն կարծում եմ ամենամեծ սխալը առանց սիրելու ամուսնանալն էր, որի արդյունքում երկուսն էլ տուժեցին: Զարդարն էլ շարունակեց սպասել Մարտիրոսին և լուռ ու մունջ կատարել ամուսնու տան բնակիչների ցանկությունները:
«Այրին դեռ կը սպասեր…»:
Այս նախադասությամբ էլ ավարտվեց պատմվածքը: