Ի՞նչ է օֆշորը
Օֆշորները՝ «հարկային դրախտներ», հատուկ տարածքներ են, որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: «Օֆշոր» (offshore) բառացի թարգմանած նշանակում է ափից, սահմանից դուրս, այսինքն՝ արտասահման:
Օֆշորային ընկերության իրական շահառուները, նրանց բանկային հաշիվների շարժը, գործունեության մանրամասները փակ են հանրության, պետական մարմինների և ցանկացած այլ կողմի համար: Երևում է գրանցված ընկերություն, բայց թե ինչ գործունեություն է այն ծավալում, ինչ բանկային հաշիվներ ունի և ովքեր են նրա հետևում կանգնած, մնում է անհայտ: Ընկերության կառավարումն արտասահմանից բավական դյուրին է:
Ո՞րն է օֆշորի գրավչությունը
Օֆշորային ընկերությունները բազմաթիվ առավելություններ ունեն: Օֆշորային սխեմաների բազմազանությունը թույլ է տալիս ազատորեն տեղաշարժել միջոցները: Օֆշորային ընկերությունը կարող է գործունեություն ծավալել ամբողջ աշխարհում, բացել մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ, դուստր ընկերություններ, այլ ընկերության հետ բացել նոր ընկերություն կամ դրանցում ձեռք բերել փայամասնակցություն: Նրանք իրավասու են օֆշորային հաշիվներ բացել ողջ աշխարհում, ցանկացած տիպի պայմանագրեր կնքել, ներդրումներ անել, խաղալ բորսայում կամ արժութային շուկայում: Սակայն գլխավորը` ստացված շահույթներից նվազագույն հարկավճարումն է կամ ընդհանրապես հարկերի վճարման բացակայությունը: Օֆշորային ընկերությունները պարտավոր չեն ամենամյա աուդիտ անցկացնել կամ հաշվապահական հաշվետվութուններ հանձնել:
Օֆշորների այս առավելությունների շնորհիվ յուրաքանչյուր տարի եւ զարգացած եւ զարգացող երկրները հսկայական գումարներ են կորցնում չվճարված հարկերի եւ կապիտալի արտահոսքի պատճառով: Հատկապես մեծ վնասներ են կրում զարգացող երկրները: Ըստ որոշ գնահատականների` զարգացող երկրները տարեկան շուրջ 150 մլրդ դոլար են կորցնում պետբյուջե չփոխանցված հարկերի տեսքով: Գերտերությունների կողմից ներկայում ձգտում կա վերահսկելի դարձնել օֆշորները, հատկապես` բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը դարձնել պարտադիր: Այս պատճառով օֆշորների մի մասը կարող է ժամանակի ընթացքում կորցնել գրավչությունը:
Ո՞րն է օֆշորային գոտու օգուտը
Նախեւառաջ, օֆշորային ընկերությունների գրանցման համար գանձվում է ոչ մեծ տարեկան տուրք, որը, սակայն, ընկերությունների մեծ քանակի դեպքում վերածվում է կլորիկ գումարի: Այսինքն, այս գոտիները շահում են մեծ քանակությամբ ընկերություններ ներգրավելու հաշվին:
Մյուս կողմից, օֆշորային գոտիները հիմնականում կղզիներ են, որոնք ունեն քիչ բնակչություն, առանձնացված տարածք եւ սակավ ռեսուրսներ: Սա ռազմավարական քայլ է երկրների կողմից՝ այս տարածքներ ներգրավելու լուրջ կապիտալ եւ նպաստելու դրանց ակտիվ զարգացմանը: Օֆշորային կղզիներից են Բելիզը, Բահամյան կղզիները, Վիրջինյան կղզիները եւ այլն:
Բացի այդ, օֆշորներում խստորեն պահպանվում է բանկային գաղտնիքը, որի շնորհիվ շատ ներդրողներ նախընտրում են պահել իրենց միջոցներն օֆշորային գոտիներում ու ֆինանսական գործարքներ իրականացնում տեղական բանկերով եւ այդպիսով նպաստում այս տարածքներում բանկային համակարգի զարգացմանը:
Օֆշորների տեսակները
Օֆշորային գոտիները լինում են մի քանի տիպի:
- Դասական օֆշորային գոտիներ, որտեղ ընդհանրապես բացակայում են հարկերը եւ հաշվետվություններ չեն պահանջում: Գրանցվելու համար բավարար է միայն տարեկան վճար կատարել, որը երկարաձգվում է ըստ ցանկության: Հիմնականում դրանք երրորդ աշխարհի ոչ մեծ պետություններ են: Առավել հայտնիներն են` Բահամյան կղզիները, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Կայմանյան կղզիները, Սեյշելյան կղզիները, Պանաման: Այդ տիպի օֆշորային գոտիները բնորոշվում են օֆշորային ընկերությունների գաղտնիության մեծ աստիճանով` իշխանությունները բացարձակապես չեն վերահսկում նրանց: Այդ պատճառով հեղինակավոր ընկերությունները եւ բանկերը չեն ցանկանում դրանց հետ գործ ունենալ: Այդ պետությունները ունեն տնտեսության զարգացման ոչ բարձր մակարդակ, սակայն աչքի են ընկնում բարձր քաղաքական կայունությամբ:
- Օֆշորային գոտիներ` բարձր հարմարավետությամբ կամ ցածր հարկահավաքությամբ: Այդպիսի գոտիներում օֆշորային ընկերություններից պահանջում են ֆինանսական հաշվետվություն եւ տրամադրում են էական հարկային արտոնություններ: Այդ պետությունների կառավարությունները իրականացնում են ավելի կոշտ վերահսկողություն, քան առաջին տիպի երկրներում, վարվում է բաժնետերերի եւ տնօրենների ռեեստր, ընկերությունների հեղինակությունը ավելի բարձր է: Այդպիսի գոտիներ են Իռլանդիան, Ջիբրալթարը, Մեն կղզին:
- Ոչ ստանդարտ օֆշորային գոտիներ: Այստեղ ընդգրկված են այն երկրները, որոնք իրենց մոտ գրանցված եւ իրենց երկրից օգուտներ չունեցող ընկերություններին տրամադրում են հարկային արտոնություններ կամ բիզնես վարելու այլ առավելություններ: Այդ խմբի երկրներից ամենամեծ ճանաչում ունի Կիպրոսը, որը Եվրամիության կազմում ընդգրկվելուց հետո օֆշորային ընկերությունների մեծ ներհոսք ունեցավ: Սա միակ երկիրն է, որտեղ միջազգային ընկերությունների համար գործում են միջկառավարական համաձայնագրեր` երկակի հարկումից խուսափելու համար: Սակայն ըստ նորագույն դասակարգումների` Կիպրոսն այլեւս օֆշոր չէ: Հատկապես այս տարվա փետրվարի «կիպրոսյան ճգնաժամից» հետո այդ երկրում լրացուցիչ խստացումներ են կատարվել: Հատկանշական է, որ կիպրոսյան ճգնաժամից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկեց Ռուսաստանում եւս ստեղծել օֆշորներ` Սախալինում եւ Կուրիլյան կղզիներում, որպեսզի ռուսներն իրենց կապիտալն այլ երկրներ չհանեն:
Աշխարհի օֆշորային գոտիներ
Աշխարհի օֆշորային գոտիները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի.
- Կղզի օֆշորներ՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսների, Կարիբյան ծովի ոչ մեծ կղզիներ և կղզիների խմբեր։ Դրանց հիմնական առանձնահատկություններն են հարկերի իսպառ բացակայությունը, չափավոր և հաստատագրված վճարումների համակարգի կիրառումը, հաշվապահական հաշվառում չպարտադրելը, սեփականատերերի և գործարքների վերաբերյալ գաղտնիության բարձր աստիճանը։
- Եվրոպական օֆշորային գոտիներն ունեն անհամեմատ բարձր կարգավիճակ և օֆշորային ընկերության տարեկան սպասարկումը կարող է արժենալ տասնյակ հազար դոլարներ։ Այս երկրներն ունեն հարկային արտոնություններ գործունեության որոշակի տեսակների համար։ Այս գոտիները չի կարելի է համարել լիարժեք օֆշորներ, քանզի կան հարկեր, պարտադիր է հաշվապահական հաշվառումը, անցկացվում է աուդիտ, իսկ սեփականատերների մասին տեղեկությունները տրամադրվում են ընդհանուր կարգով։
- Որոշ վարչատարածքային գոյացություններ, որտեղ հարկային հատուկ ռեժիմ է գործում։
Օֆշորների մութ կողմերը
Այս գոտիները կարող են օգտագործվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով, քանի որ այստեղ ապահովվում է բանկային հաշիվների, ֆինանսական գործարքների եւ ընկերությունների շահառուների անանունությունն ու գաղտնիությունը:
Օֆշորները պիտակվում են որպես «չհամագործակցող» կազմակերպություն, քանի որ առաջանում է չհսկվող «սև տնտեսություն»` միջազգային մակարդակով: Սա իր բացասական ազդեցությունն է ունենում թե՛ անվտանգության, թե՛ ֆինանսական և թե՛ քաղաքական կառավարման տեսանկյունից:
Օֆշորները նաև մեծ վնաս են հասցնում զարգացած երկրներին։ Ընկերություններն ու նրանց սեփականատերերն օգտվում են զարգացած երկրների առաջարկած բարիքներից, սակայն փոխարենը ոչինչ չեն վճարում՝ աշխատելով օֆշորներում: