Posted in Գրականություն

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը — Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։

1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: 1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին:

1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։ 1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։

Կյանքի վերջի տարիները

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է: Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Leave a comment