Posted in Գրականություն

«Կարդում ենք Թումանյան»

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյանը (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ է։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

Հովհաննես Թումանյանը 20-րդ դարի սկզբներին

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1902թ. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:


Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։

Հովհաննես Թումանյանի թաղման արարողությունը
Հովհաննես Թումանյանի գերեզմանաքարը, որը պահպանելու նպատակով Խոջիվանքի ավերված գերեզմանատնից տեղափոխվել է Հայ գործիչների նորաստեղծ պանթեոն

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի՝

Հայաստանում.

  • Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թվականներին կոչվում էր Թումանյան,
  • 1951 թվականին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան,
  • Վանաձորի պետական համալսարանը,
  • Երևանի տիկնիկային թատրոնը,
  • Երևանի Թումանյան փողոցը,
  • Վանաձորի Թումանայան փողոցը,
  • Գյումրու Թումանյան փողոցը,
  • Ստեփանավանի Թումանյան փողոց,
  • Ստեփանավանի Թումանյանի անվան դպրոց,
  • Կապանի Թումանյան փողոցը
  • Գորիսի Թումանյան փողոցը,
  • Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը,
  • Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին

Հայաստանից դուրս.

  • Թումանյանի հրապարակ — Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։
  • Թբիլիսիում, Կիևում և Դոնեցկում կա Թումանյանի փողոց:

Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում: Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին:

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում

2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի գրողների միությունում: Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա, որոնք տպագրվել են մինչև 2019 թվականը պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը։

5,000 Armenian dram - 1999 (obverse).png
5,000 Armenian dram - 1999 (reverse).png

Թումանյանի գրական առաջին փորձերը

Image result for Հովհաննես Թումանյան

Թումանյանի գրական կյանքում ընդունված է առանձնացնել երկու փուլ 1880-ական թվականների վերջերից մինչև քսաներորդ դար և 1900-ից մինչև բանաստեղծի կյանքի ավարտը 1923 թվական։ Դեռևս քսաներորդ դարի 70-80-ական թվականներին նման մոտեցում են ցուցաբերել Թումանյանի կյանքը ուսումնասիրած Արամ Ինճիկյանը, Էդուարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, սակայն որևէ փորձ չի արվել առաջին և երկրորդ փուլերը բաժանել ավելի փոքր ենթաշրջանների։

Թումանյանի խոստովանել է, որ գրական առաջին փորձեր սկսել է անել 10-11 տարեկան ժամանակ (1879-1880 թվականներին)։ «Հոգուս հատոր» բանաստեղծությունը, որը երբեմն համարվում է «Թումանյանի առաջին բանաստեղծությունը», իրականում այդ շրջանում գրված բանաստեղծություններից մեկն է միայն, որը գրվել է ավելի ուշ՝ 1881 թվականին, 12 տարեկան հասակում։ Գրված մյուս բանաստեղծություններից ոչ մեկը չի պահպանվել, որի պատճառով է, որ Թումանյանի Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակներից մեկում «Հոգուս հատոր» բանաստեղծությունը համարում է գրածներից «ամենահինը»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել, ոչ թե ընդհանրապես իր բոլոր գրածները, այլ դրանցից պահպանվածները։

Թումանյանի առաջին գրական փորձերը եղել են աշուղական գովերգեր՝ երգիծաբանական և սիրային ոտանավորներ։ Նա քառատողեր էր ավելացնում Լոռիս-Մելիքովին ձոնած աշուղական երգերին։ Հիշատակվում է նաև այդ տարիներին գրած առակների մասին։

Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ։

«Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․, 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։

Բացի «Հոգուս հատոր»-ից, Ջալալօղլիում գրած Թումանյանի բանաստեղծություններից պահպանվել են երեքը՝ «Օրորք», «Երբոր կանցնի ձմեռն սաստիկ․․․» և «Հայ վաճառական»։ Երեքն էլ նմանողական երկեր են, գրված այդ ժամանակ ճանաչված Պատկանյանի և Պեշիկթաշլյանի ազդեցությամբ։ Թումանյանի պատանեկան շրջանի գրված երկերից շատ են չպահպանվածները, որի պատճառներից մեկը Թումանյանի խիստ ծածկամտությունն է եղել։ Առաջին ստեղծագործությունների թեմաները վերաբերել են բնությանը, աշխատանքին, մարդու ճակատագրին։ Նա նաև Կռիլովի ազդեցությամբ գրել է կովկասյան առակներ։

Ներսիսյան դպրոցում Թումանյանի կատարած գրական փորձերից քիչ բան է պահպանվել, որի պատճառը նորից եղել է Թումանյանի ծածկամտությունը։ Թումանյանը հետագայում անդրադարձել է Ներսիսյան դպրոցի տարիների իր ստեղծագործություններին։ Դրանք եղել են առակներ՝ «Կովկասյան առակներից», գրված Կռիլովի ազդեցությամբ, որոնցից «ոչ մեկը չի տպվել և չկա այժմ»։ Առակներ և լեգենդներ Թումանյանը գրել է նաև Լոռում քեռի Իսայու և ուրիշների պատմածներից ներշնչված։ 1885-1887 թվականների այս ստեղծագործություններից պահպանվել են միայն «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները»։ «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» հետագայում փոփոխությունների են ենթարկվել, իսկ սկզբնական տարբերակները չեն պահպանվել։ Պահպանված երկու ինքնագրերը, երևի թե այդ լեգենդների հետագա մշակումների սևագրություններն են։ Թումանյանի դպրոցական շրջանի ստեղծագործություններից ավելի շատ են պահպանվել ազգային-հայրենասիրական բանաստեղծությունները, որոնք բոլորը մնացել են սևագիր վիճակում։ Դրանք են «Ինչո՞ւ ես տխուր․․․» (1884), «Թող փչե քամին» երգի եղանակավ» (1885), «Նահապետի ողբը» (1886), «Մարշ» (1883-1884)  և «Մի խրատ տաճկահայաստանցուն» (1885-1886) ստեղծագործությունները։ Դրանք շատ նման են Թումանյանի նախորդողների և ժամանակակիցների կիրառած ստեղծագործությունների ձևերին։

Խաչատուր Աբովյանը ակնառու ազդեցություն է թողել Թումանյանի ստեղծագործական զարգացման վրա։ «Վերք Հայաստանի»-ն ուժեղ ներգործություն է ունեցել Թումանյանի վրա աշակերտական տարիներին, այնքան, որ օրինակ Եգոր Խարազանյանը նրա գրական նախափորձերն ընթերցելիս կասկածել է Աբովյանի անտիպ գործերից գրագողության համար։

Թումանյանի ճանապարհորդությունները

Image result for Հովհաննես Թումանյան

Ներսիսյան դպրոցից հեռանալով՝ բանաստեղծը հետագայում հնարավորություն չի ունեցել շարունակել չորրորդ դասարանում ընդհատված ուսումը։ Դեռևս Ներսիսյան դպրոցում Թումանյանը երազել է սովորել Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Եվ այդ նպատակով բանաստեղծի գրական ընկերները նրա երազանքն իրականացնելու համար նրան առաջարկում են արտասահման մեկնել սովորելու, իսկ իրենք կհոգան բոլոր ծախսերը։ Սակայն այդ մտահղացումը չի իրականանում։ 1898 թվականին Աղայանը աքսորավայրից Թումանյանին գրած նամակում խորհուրդ է տալիս գնալ ոչ թե Ղարաբաղ, այլ Եվրոպա։ 1900 թվականին Թումանյանը ցանկացել է սովորել Մոսկվայում։ Այս հարցում իր աջակցությունն է հայտնել Վրթանես Փափազյանը, որը նույն թվականի նոյեմբերի 21-ին նամակ է գրել Թումանյանին և ասել, որ ուսման նպատակով Շահազիզը գրական ֆոնդից 250 ռուբլի է ուղարկել բանաստեղծին։ Սակայն թե՛ Եվրոպայում և թե՛ Մոսկվայում ուսանելու երազանքներն այդպես էլ ի կատար չեն ածվում։

1908 թվականին առիթ է ստեղծվում Ներսիսյան դպրոցի պատգամավորության հետ մեկնել Եվրոպա, սակայն դա ևս չի հաջողվում ֆինանսական պատճառներով։ Թումանյանի նամակներից դատելով՝ նա ավելի շատ ցանկացել է Եվրոպայում ճանապարհորդել, քան ուսանել։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար նրան անհրաժեշտ էր միջնակարգ դպրոցի ավարտական վկայական։

Թումանյանին այդպես էլ չի հաջողվել ճանապարհորդել ո՛չ Եգիպտոսում, որը երազել էր աշակերտական տարիներին իր ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանի պատմածների տպավորության տակ և ոչ էլ Եվրոպայում․ 1921 թվականին մեկնել է միայն Կոստանդնուպոլիս՝ ՀՕԿ-ի գործերով, որտեղից վերադարձել է հիվանդ։ Երկու անգամ մեկնել է Ռուսաստան, սակայն այդ ուղևորությունները կապված են եղել տխուր հանգամանքների հետ․ 1911 թվականին որպես դատապարտյալ տարել են Պետերբուրգ՝ դատավարության, իսկ 1922 թվականին՝ Մոսկվա՝ բուժվելու, որը եղել է նրա վերջին ու անվերադարձ ուղևորությունը։

Ճանապարհորդություններ հայրենիքում

Հայրենիքում Թումանյանը ճանապարհորդել է Լոռիում և Հայաստանի այլ գավառներում, Կովկասի մի քանի հայաբնակ վայրերում, Արևմտահայաստանի երկու շրջաններում՝ Ալաշկերտ և Վան։ Հայրենի երկրում ճանապարհորդելը Թումանյանի համար եղել է կենսական անհրաժեշտություն, որը հնարավորություն է տվել նրան՝ միշտ մոտ զգալ «հայրենիքի բնությանն ու կյանքին»։ 1895 թվականի նոյեմբերին Թումանյանը կատարում է երկար ուղևորություն Բորժոմի-Ախալցխա-Ախլքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով, որը ենթադրաբար արել է որպես Հնչակյան կուսակցության «Հանգանակող և գործադրող կոմիտեի» անդամ, այս կոմիտեի նոր մասնաճյուղեր հիմնելու և Ցեղասպանության գաղթականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ալեքսանդրապոլում Թումանյանը այցելել և հյուընկալվել է Ավետիք Իսահակյանի տանը։

Թումանյանը և մշակույթը

Հովհաննես Թումանյանն ու Ղազարոս Աղայանը Միքայել Միքայելյանի արվեստանոցում, 1902

Տիգրան Տեր-Դավթյանի շնորհիվ Թումանյանը, լինելով Ներսիսյան դպրոցի աշակերտ, 1886 թվականին հնարավորություն է ունենում տեսնելու Ադամյանի «Համլետ»-ը և ճանաչելու Շեքսպիրին։ Այս իրադարձությունը հետագայում վճռական ազդեցություն է ունենում գրողի կայացման վրա։ Հետագայում Թումանյանը տեսել է նաև երկու այլ ներկայացում՝ «Օթելլոն» և «Արքա Լիրը»։ 1886-1887 թվականների թատերաշրջանում Կարինյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգության բեմադրության ժամանակ Թումանյանը խաղակից է լինում Ադամյանին՝ կատարելով զինվորի դեր։ Ըստ Թումանյանի հուշերի՝ հաջորդ օրը կամ մի քանի օր հետո նա այցելում է Ադամյանին և ի հիշատակ «Վարդանանց պատերազմի» ներկայացման ստանում է Ադամյանի գրքերից մեկը որպես նվեր։

1890-ական թվականների առաջին կեսին Թումանյանը հայ թատերասերների հետ հանդես է եկել մի քանի ներկայացումներում և իր մասնակցությունն ունեցել Թիֆլիսի հայոց դերասանական խմբի կազմավորման գործում։ «Ուրիել Ակոստա»-ի բեմադրությանը, որը տեղի է ունեցել հունվարի 17-ին Թիֆլիսի բանկային թատրոնի շենքում, մասնակցել է նաև Թումանյանը, սակայն ներկայացումը հաջողություն չի ունեցել։ Բանաստեղծը խաղացել է նաև Շիլլերի «Ավազակներ» դրամայում, որը բեմադրվել է փետրվարի 14-ին։ Աշակերտական տարիներին Թումանյանը ոգեշնչված է եղել այս ստեղծագործությամբ։ Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»-ի բեմադրությանը Թումանյանը մասնակցել է երկրորդ անգամ՝ 1895 թվականի փետրվարի 6-ին․ ներկայացման մեջ խաղացել են նաև Ղազարոս Աղայանը և Շիրվանզադեն։ Այս դրամայում խաղալուց հետո Թումանյանը թողել է բեմը՝ հետևելով Հովհաննես Աբելյանի խորհրդին։

Թումանյանը ոչ միայն մասնակցել է թատերասերների ներկայացումներին, այլև հանդես է եկել որպես թատերական գործիչ։

Թումանյանի ընտանիքը և մանկությունը

Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։

Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունեցել, տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։

Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է Վրաստան և բնակություն հաստատում Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, այնուհետև Մուխրանում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։

Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի մասին տեղեկություններ է հաղորդում Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել Էջմիածին։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։

Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել 1827-1828 թվականների ռուս-թուրքական և 1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում։ Առաջին սպայական աստճանն ստացել է Ախալցխայի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է Ախալքալաքի (1853) և Կյուրուկդարա գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը 1838-1839 թվականներին։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայերնի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցների մեկի՝ Ծաթեր գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իր «Պատմություն» գրքում։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է նաև «աղոնք»։

Ծնողներ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները։

Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։

Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․

Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․

Մանկություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին)։ Փետրվարի 15-ին մկրտվել է և ստացել է պապի անունը՝ Հովհաննես․ այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը։

Բանաստեղծի մանկությունն անցել է ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ Մինչև 1875 թվականը՝ բանաստեղծի վեցամյա հասակը, Հովհաննես աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան և Մամը՝ իրենց կանանցով և զավակներով միասին են ապրել։ Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ․ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1918) և Արտաշես (1892-1916)։ Թումանյանի մանկական խաղընկերները եղել են Ռոստոմը և Օսանը։ Ընտանիքն ապրել է նահապետական սովորություններով և ավանդություններով։

Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Թումանյանի տոհմի աղքատացումը, գյուղում ու շրջակայքում նրա ունեցած երբեմնի ազդեցության թուլացումն սկսվում է Հովհաննես աղայի մահից հետո։ Օլգա Թումանյանի վկայությամբ՝ այն հողամասերը, որ Հովհաննես աղան ստացել էր որպես պարգև մարտական սխրագործությունների և ծառայությունների համար, հետզհետե դուրս է գալիս Թումանյանների ձեռքից։ Ընտանիքի եկամտի աղբյուրների նվազման հետ, աճել են պարտքերը։ Տեր-Թադևոսն իր ամբողջ կյանքն ապրել է պարտքերով։ Պարտքեր ունեցել է նույնիսկ Հովհաննես աղան։ Պարտքեր անելու սովորությունը պապից ու հորից անցել է բանաստեղծին։ Չնայած բանաստեղծի հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը չի եղել։ Հորեղբայր Մամը համարվել է գյուղի «առաջին» մաճկալը, իսկ քեռիները քաջ որսորդների և հովիվների համբավ են ունեցել։ Սոցիալական անհավասարության իր առաջին ընկալման մասին Թումանյանը պատմել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։

Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը՝ Նեսոն, բանաստեղծի խաղընկերը։ Առակախոս ծերերից բանաստեղծը հիշատակել է բոստանչի Մելքոնանց Օհաննեսին և իր քեռիներին, հատկապես Քեռի Իսայուն, որի պատմած առակների հիման վրա է գրել «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ»-ը և «Արծիվն ու Կաղնին»։ Իսկ հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը։ Բանաստեղծի վրա ուժեղ տպավորություն են թողել հոր՝ Տեր-Թադևոսի երգն ու նվագը։

Թումանյանի ավագ և կրտսեր ժամանակակիցները՝ Լեոն, Իսահակյանը, Զորյանը, որոնք բանաստեղծին տեսել են նրա բնօրրանում, հավաստել են նրա հզոր սերը հայրենի բնության հանդեպ։ Հայրենի բնաշխարհի, ժողովրդի և նրա բանարվեստի հետ հենց սկզբից հաստատված սերտ կապը Թումանյանի արվեստի փիլիսոփայության հիմքն է կազմում։

Մանկության արտացոլումը ստեղծագործություններում

Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը», «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։

«Մարոն» պոեմի հերոսուհին Թումանյանի մանկության ընկերն է։ Պեոմի նյութը մանկության օրերին պատահած իրական դեպք է։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառումներում նշված է հերոսուհու նախատիպը՝ «Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»։ Լոռեցի Սաքոյի նախատիպի մասին հիշատակվում է ինչպես նույն գրառումներում՝ «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն», այնպես էլ ինքնակենսագրական նոթերում՝ «Մաթոսի խելագարությունը — Լոռեցի Սաքոն»։ «Դարձ» անավարտ պոեմը վերաբերում է երկի հերոսի՝ Սուրենի մանկության հուշերին․ Սուրենի կերպարը կերտելիս Թումանյանը նկատի է ունեցել իրեն։ «Անուշ»-ի սյուժեի հիմքում ևս ընկած է Թումանյանի մանկության տարիներին կատարված մի դեպք, որը նշված է հայտնի «Բացատրության» մեջ․ «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և «Անուշ»-ը»։

Թեև «Գիքորի» սյուժետային հիմքը վերաբերում է 90-ականների սկզբներին, պատմվածքի հոգեբանական դրվագներից մի քանիսի հիմքը մանկական տպավորություններն ու ապրումներն են։ Ստեփան Լիսիցյանի վկայությամբ՝ Գիքորի ապրումների մեջ բանաստեղծը մտցրել է այն թախիծը, որ ինքը զգացել է մանուկ հասակում Լոռուց Թիֆլիս ընկնելով։

«Հառաչանք» պոեմի հիմքը ևս բանաստեղծի մանկության տարիներին պատահած դեպքերն են, ինչպես նշված է «Իմ մի քանի գրվածքների բացատրության» մեջ՝ «Ղոխնանց պապին, մեր գյուղի Չոփուրի տղերքը և «Հառաչանք» պոեմը», և ըստ ժամանակակիցների՝ Ղոխնանց պապը՝ «ծեր այգեպանը» պոեմի ծերունու նախատիպն է, որին, նաև Չոփուրի տղաներից ամենակրտսերին՝ Ռամազին, պատանի բանաստեղծն անձամբ ճանաչել է և հետները զրուցել։ «Քաջերի կյանքից» պատմվածքը գրելիս Թումանյանը զգալիորեն օգտագործել է մանկության օրերին տատերից և համագյուղացի ծերերից լսած ավանդական զրույցները։

Թումանյանի սևագրություններից դատելով՝ բանաստեղծը մտադիր է եղել մանկության տպավորությունների հիման վրա գրել նոր երկեր՝ հատկապես արձակ, մի քանիսը սկսել է, սակայն թողել անավարտ։

Հայ Մեծերը Թումանյանի մասին

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:

…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ և՛ Դվալը, և՛ Լալվարը, և՛ ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…

ԼԵՈ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք:

ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:

Զ. ԵՍԱՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:

Մ. ՍԱՐՅԱՆ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:

Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:

Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:

Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

Վերլուծություն

«Անկեղծ չենք»

Վայրէջք

Անհայտ էջեր

Leave a comment