
Ռուբեն Որբերյան (Ալիքյան) (փետրվարի 16, 1873, Մալաթիա, Թուրքիա – հունվարի 3, 1931, Փարիզ), արևմտահայ բանաստեղծ։
Կենսագրություն
Ռուբեն Որբերյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, Խարբերդի նահանգի Մալաթիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղական ուսումնարանում։ Այնուհետև սովորել և ավարտել է Խարբերդի շրջանի «Եփրատ» քոլեջը (1893 թ.), որտեղ աշակերտել է Ռ. Զարդարյանին և Թլկատինցուն։ Աշխատել է որպես ուսուցիչ Պանտրմայում, Կ. Պոլսում և Զմյուռնիայում (1893-1901)։
1901 թ.-ից զբաղվել է վաճառականությամբ, գնացել է արտասահման։ 1904-1920 թթ. ապրել է Աֆրիկայում՝ Ջիբութի երկրի համանուն մայրաքաղաքում, եղել «Դեյլի Մեյլ» անգլերեն թերթի թղթակից։1920 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
Կյանքի վերջին տասնամյակում գրած գործերը մասամբ լույս են տեսել Սփյուռքի մամուլում։
Ստեղծագործական ուղի
Որբերյանի անունը երևաց 1890-ականների արևմտահայ մամուլի էջերում, և արդեն 1893 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Յիշատակաց ծաղիկներ»-ը, որն արդյունք էր երիտասարդ բանաստեղծի որբության պատճառով ապրած հոգեկան տվայտանքների և Պետրոս Դուրյանից ու Տեմիրճիպաշյանից կրած ազդեցության։ Մռայլ, թախծոտ, լալկան էջերը գերակշռում են այս գրքում։ Մեծ մասամբ երիտասարդ բանաստեղծն անձնական նեղ ապրումների սահմաններից չի կարողանում բարձրանալ վեր՝ դեպի ընդհանրականը։ Գրքույկն ինչ-որ չափով բերում էր նաև հասարակական կյանքի արձագանքը՝ երիտասարդ հոգիների հուսախաբությունը համիդյան բռնապետության տարիներին։
Երբ Որբերյանն ավարտում է քոլեջը և կյանք է մտնում՝ իրական կյանքի խոհերն են դառնում բանաստեղծություններ։ Նա կարծում է, որ անձնական ցավերը պետք է հոգու խորքում թաղել, չլինել լալկան ու հոռետես, այլ պետք է նոր եռանդով փարվել կյանքին, լինել «բախտին հաղթող դյուցազն»։ Այս շրջանի (1894-1904 թթ․) բանաստեղծություններում, որ հայրենի տան, բնության ու կյանքի մասին խոհեր են, բացակայում են լալկան տրամադրությունները։ Բանաստեղծական բարձր վարպետությամբ Որբերյանը խորհում է հայրենի հողի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական անարդարությունների մասին, դրսևորելով ռոմանտիկ բանաստեղծի ու մարդու խորը սերը մարդ արարածի նկատմամբ։ Օրինակ «Մեր դարը աստուծո առջև» բանաստեղծության մեջ Ռուբեն Որբերյանը բացահայտում է նոր՝ 19-րդ դարի կեղծիքն ու սուտը, «քաղաքակիրթ» կապիտալիստական Արևմուտքի բերած մոլությունները:
Դրանից արդեն շուրջ տասը տարի անց նա արդեն բավականին ճանաչված անուն էր հասարակության շրջանում։ Ռուբեն Որբերյանի մուտքը գրական ասպարեզ մի այնպիսի ժամանակաշրջանում էր, երբ 1880-ականների անկումային փուլից հետո արևմտահայ գրականությունն աշխուժացման փորձեր էր անում։ Արշակ Չոպանյանի, Ա․ Հարությունյանի և Սիպիլի հետ Որբերյանն էլ կենսական լիցքեր բերեց այդ օրերի պոեզիային։ Իսկ դա սկիզբն էր այն կենսառատ ու հզոր պոեզիայի, որը թափ էր հավաքելու 20-րդ դարասկզբին՝ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Վահան Թեքեյանի ու Ռուբեն Սևակի գրական մուտքերով։ Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին, որոնցում տպագրել է «Ֆանին և ես» վիպակը (1898 թ.), «Ելևէջներ» (1895 թ.), «Առաջին սէր» պատմվածքները։ Գրողի ստեղծագործության հիմնական թեման հայրենիքն է, տարագիր հայության հայրենաբաղձությունը։ Թարգմանել է Բայրոնի «Կայեն» և «Երկունք և երկիր» ստեղծագործությունները։ 1932 թ. «Բազմավեպում» տպագրվել է «Լորտ Պայրըն» ուսումնասիրությունը։
Ստեղծագործական ժառանգությունը
Որբերյանը հրատարակել է երեք գիրք․ «Յիշատակաց ծաղիկներ» (1893 թ․, Կ․ Պոլիս), «Ծփանքներ» «1906 թ․, Կահիրե» և «Ովասիս» (1920 թ․, Փարիզ)։ Արևմտահայ մամուլի էջերում Որբերյանը հանդես է եկել բազմաթիվ բանաստեղծություններով, արձակ էջերով, հոդվածներով։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել նրա «Երկեր» ժողովածուն, իսկ 1981 թվականին լույս է տեսել ևս մեկ ժողովածու «Հայ դասականների գրադարան» շարքի մի հատորում՝ արևմտահայ այլ հեղինակների հետ։
Երկեր
- Յիշատակաց ծաղիկներ (չափածո և արձակ բանաստեղծությունների ժողովածու), Կ. Պոլիս, 1893 թ., 80 էջ:
- Ծփանքներ (հատվածներ պոեմից), Գահիրէ, 1906 թ., 52 էջ:
- Ովասիս (հուշերի, խոհերի և բանաստեղծությունների ժողովածու), Փարիզ, 1920 թ., 288 էջ:
- Երկերի ժողովածու, Երևան, 1963 թ., 193 էջ:
- Ռուբեն Որբերյան, Ռուբեն Սևակ, Վահան Թեքեյան, Մատթեոս Զարիֆյան, Երկեր, Երևան, 1981 թ., էջ 31-120: