Գեղեցիկի մասին պատկերացումներ մարդն ունեցել է իր առաջացման վաղնջական ժամանակներից ի վեր: Մարդը արել է նաև գեղագիտական գունավորում ունեցող դատողություններ: Երբ մարդը տեսնում է ծառ-ծաղիկ, ամպ, ջրվեժ կամ ցանկացած այլ բնական երևույթ, ընկալելով դրա ձևն ու շարժումը, միաժամանակ մարդը նաև գիտակցում է, որ այն, գեղեցիկ է կամ հաճելի կամ ծիծաղելի և այլն: Նման դատողություններն անվանվում են արժեքային կամ գնահատման: Գեղագիտական արժեքներն այնքան խորն են արմատավորված մարդու գիտակցության մեջ, որ նույնիսկ որևէ բանի մասին գեղագիտական դատողություն չանելու դեպքում էլ մենք, հետագայում մտաբերելով անցյալում ընկալվածը, կարող ենք տալ դրա գեղագիտական գնահատականը: Պարզ է, որ նախնադարյան գեղագիտական իդեալի մասին խոսելը բավական պայմանական կարող է լինել, քանի որ ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չկա, սակայն քարանձավների պատերին արված նկարների, պահպանված արձանիկ-քանդակների շնորհիվ կարելի է անել որոշ եզրակացություններ: Հնադարյան գեղագիտական իդեալին բնորոշ է կենդանիների հանդեպ մեծ ուշադրությունը, բնությունը պատկերվում էր, որպես կանոն, կտրտված, հատվածաբար, ինչը նշանակում էր, որ իրականության միասնականության ընկալում դեռ չկար, ավելի կարևոր էին առանձին դետալները: Մարդու պատկերումը շատ նման էր կենդանիների պատկերմանը. ընդգծված էին մարմնաձևերը, իսկ դեմքը, որպես կանոն, արտահայտիչ չէր: Հայաստանում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցում պատկերված են եղջերուներ, քարայծեր, օձեր, կարիճներ, մարդկանց ուրվապատկերներ և այլն: Քանդակ-արձաններից տարածված են եղել, այսպես կոչված, «վիշապները», որոնք մինչև չորս մետր երկարության հասնող մեծ քարեր են, հիմնականում ձկների, թռչունների կամ ոչխարների գլուխների քանդակներով: Հին քաղաքակրթություններում տիրապետող են եղել տարբեր գեղագիտական իդեալներ: Օրինակ` հին հույների իդեալն է եղել հոգու և մարմնի ներդաշնակ զարգացումը, ուժը, կորովը և նրբագեղությունը միաժամանակ: Հին Եգիպտոսի մարդկանց համար կարևոր է եղել անմահության որոնումը, ինչի նպատակով նրանք ստեղծել են հին աշխարհի պահպանված հրաշալիքները` բուրգերը, որոնք խորհրդանշում հանձին փարավոնի մարդու աստվածացումը, ուժն ու ձգտումն առ երկինք — արև: Արևելքում գեղեցիկի չափանիշ է համարվել բնականը, և իդեալը եղել է բնության օրենքներին համապատասխան շարժվելը, բնությանը չվնասելը: Այդ իդեալից ելնելով՝ ծնունդ է առել մի ճարտարապետություն, որի ձևերը, ի տարբերություն արևմտյան երկրաչափական պարզ մարմինների ձևերի նմանակել են բնական երևույթների ձևերը: Արևելքում ճարտարապետական կառույցները ստեղծվել են այնպես, որ կարծես իրենցով շարունակել են բնության համամասնությունները՝ չհակադրվելով միջավայրին, այլ լրացնելով այն: Հին Հռոմում գեղագիտական իդեալի նման շրջապատող ծառերին մասնիկ է համարվել մարդու հպարտություն հանդիսացող տոհմային պատկանելությունը, դիրքն ու ազդեցությունը: Հունական քանդակներում մարդը, որպես կանոն, մերկ է, որպեսզի վեր հանի իր մարմնի կատարյալ ներդաշնակությունը: Իսկ հռոմեական քանդակներում տեսնում ենք իր խավին բնորոշ ամենագեղեցիկ հագուստներով ու գլխանոցներով զարդարված մարդկանց, որոնք ինչ-որ կերպ ցուցադրում են նաև իրենց տոհմիկ պատկանելության նշաններ: Դիմապատկերում ամենակարևոր դետալ են համարվում աչքերը՝ որպես հոգու հայելիներ, որոնք պատկերվում են երբեմն անբնականորեն մեծ, միշտ արտահայտիչ՝ ստվերում թողնելով քիթը, շուրթերը և այլն: Հայկական միջնադարյան արվեստում առանձնապես կարևոր են եկեղեցիների ճարտարապետական կառույցները, որոնցում հայտվում է հայ մարդու վերաբերմունքն աստվածայինի ու բնության հանդեպ: Որպես կանոն, եկեղեցիները կառուցվել են բնության այնպիսի գեղեցիկ անկյուններում, որ արտաքինից դրանք դիտողներին հիացմունք են պատճառել ու հիշեցրել թե՜ բնության, թե՜ տվյալ եկեղեցու շենքը ստեղծած Աստծո մեծության մասին: Որոշ մանրանկարիչներ հասել են կերպարների պատկերման հուզական լարվածության ու համոզչականության: Գրականության մեջ Գրիգոր Նարեկացին է ողջ մարդկության տառապող, իրական կյանքում պակասը զգացող մարդկանց արատները բժշկել ցանկացող մարդու իդեալը: Մարդ, որի համար ուրիշի ցավ չկա: Մարդու նարեկացիական ընկալումն արդիական է առ այսօր: Վերածննդի գեղագիտական իդեալը բազմակողմանի՝ ունիվերսալ մարդն է, որի մեջ այս դարաշրջանի արվեստագետներն իրոք տեսնում են ապավածային արարչագործության պսակը: Բնությունը նույնպես ընկալվում է նորովի, ու յուրաքանչյուր բնական թրթիռ դառնում է արվեստի կողմից պատկերվելու արժանի երևույթ: Վերածննդին հաջորդում է կլասիցիզմի դարաշրջանը, որի իդեալը դասական հունահռոմեական գեղեցկությունն էր՝ պարփակված որոշակի խիստ կանոնների շրջանակներում: Կլասիցիստներն ի վիճակի չէին հանդես բերելու Վերածննդի ստեղծագործողների հախուռն թափը և, բացի այդ, ուզում էին անտիկ գեղեցկությանը տալ տրամաբանական մեկնաբանություն: Այս դարաշրջանում մարդու հերոսականության և գործի համար ինքնանվիրաբերման գաղափարն է խիստ կարևորվում: