Հիմա կգրեմ մի քանի արտահայտություն և կարծում եմ, դրանք ձեզ շատ ծանոթ կթվան։
«Ինձ համար դժվար է ինքս ինձ համար ինչ-որ բան անելը, իսկ ուրիշների համար՝ շատ հեշտ»:
«Բոլորն ինձ ասում են, որ ես եսասեր եմ … Բայց արյո՞ք վատ բան է մտածել ինքդ քո մասին»:
«Ես ինձ մեղավոր եմ զգում, երբ ինչ-որ բան եմ անում ինքս ինձ համար»։
«Ես որոշեցի, որ կդառնամ կյանքիս մեջ ամենակարևոր մարդը և ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում այդ մասին ուրիշները»:
Եվ այս տեսակի արտահայտությունները կարող են երկար շարունակվել: Սրանց մեջ մենք տեսնում ենք տարբեր մարդկանց պատմություններ, փորձեր: Այս հայտարարություններում մենք նաև կարող ենք նկատել, թե ինչպես են մարդիկ տանջվում կասկածների մեջ, իրարամերժ զգացողություններ ունենում այնպիսի երևույթների վերաբերյալ, ինչպիսիք են էգոիզմը ու ալտրուիզմը:
Էգոիզմը (լատ. ego – «ես») դա եսասիրություն է կամ եսամոլություն: Էգոիստ անձիք իրենց սեփական անձի կարիքները վեր են դասում՝ անտեսելով մյուսներինը:
Ալտրուիզմը (լատ. Alter – «այլ») դա այլասիրություն է։ Ատրուիստ անձիք անտեսում են իրենց սեփական ցանկությունները բացարձակ կերպով՝ կարևորելով մյուսիներինը:
Եկեք տեսնենք էգոիզմի և ալտրուիզմի դրական և բացասական կողմերը։
Էգոիզմ
- Դրական կողմ։ Սեր և հարգանք ձեր անձի հանդեպ, ձեր սեփական եսի զարգացում, նպատակների արագ և հաջող իրականացում:
- Բացասական կողմ։ Դժվար սոցիալականացում, հաճախակի անտարբերություն ուրիշների խնդիրների նկատմամբ, այլ անձի կարծիքը չընդունելու ցանկություն:
Ալտրուիզմ
- Դրական կողմ։ Օգնություն ուրիշներին, գոհունակություն՝ բարի գործեր կատարելուց, հասարակության զարգացում, մարդը սովորում է կարեկցել:
- Բացասական կողմ։ սեփական շահերի արժեզրկումը, անձնական ժամանակի, առողջության, երբեմն կյանքի զոհաբերում:
Իմ կարծիքով ալտրուիզմը և էգոիզմը, համակարգ է՝ երկու տարբեր բևեռներով, որտեղ յուրաքանչյուրն ունի շատ մեծ նշանակություն:
Վերոնշյալ արտահայտություններում մենք տեսնում ենք, որ մարդկանց համար դժվար է ընդունել այս երկու բևեռները, և նրանց թվում է, որ նրանք պետք է ընտրեն ՝ լինել ալտրուիստ թե էգոիստ: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ Մեզ երկուսն էլ պետք են։ Մեզ պետք է հավասարակշռություն։