
Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակ) վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ «Վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ»: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում…
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը (հանձնարարություն) և դառնալով նրան՝ ասում՝ «Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ»:Իսահակյանը թե՝ «Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ`զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին, հետո Վարպետը հարցրերց.
-Ի՞նչ կերգեիր:
-Էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:
-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը: Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.
-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց.
— Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…
— Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես, — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:
— Ինչու բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի ասեիր:
— Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:
— Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր, — խոսքը եզրափակեց վարպետր: Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:
-Ինչ կա որ, սիրելիս, — դիմում է կնոջը մեծ բանաստեղծը, — եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր: