Posted in Գրականություն

Սիրերգեր

Հով Արեք Սարեր

Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
Մի վեր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:

Լե Լե Յաման

Լե, լե, յամա՜ն,
Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց.
Լե, լե, յամա՜ն,
Հերի’ք անեմ աչքով իմաց,
Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:

Լե, լե, յամա՜ն:
Դու ելեր ես կայներ ես դուռ,
Լե, լե, յամա՜ն,
Ես քու սիրույց սավդալի ծուռ,
Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:

Լե, լե, յամա՜ն,
Արև դիպավ Մասիս սարին,
Լե, լե, յամա՜ն,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յամա՜ն, յամա՜ն, յար:

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին…

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին,
Բեռըդ խավար հրով խոցոտեցին.
Երկրիդ հողեն խաչըդ բուսավ,
Կյանքիդ կողեն աչըդ հյուսավ։

Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

Գորով–սեր

Ի՜նչ դողդոջուն ոտեր՝
Սվվացին որպես խոտեր,
Իջա վայրիկըս։

Ի՜նչ բողբոջուն այտեր՝
Միջօրյա վարդ էր ցայտեր,
Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,
Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝
Թևեց աչելով․

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,
Ճեմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝
Լռեց պաչելով։

Անմար սեր

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Leave a comment