Հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Թերևս, այդ երանելիներից է հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը։ Նրա մասին գրվել են թե՛ փոքրիկ բանաստեղծություններ, թե՛ պոեմներ ու ծավալուն երկեր։
20-րդ դարի հայ գրականության մեջ Կոմիտասին նվիրված առաջին խոշոր ստեղծագործություններից է Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին»-ը։ 1936 թվականին, երբ մեծ երաժշտի աճյունը տեղափոխվեց Երևան և իր վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, վառ տպավորությունների ազդեցության ներքո Չարենցը ստեղծեց այդ հուզիչ կտավը։ Վերջինիս կուլմինացիոն տողերը նվիրված են մեծն Կոմիտասի հետմահու «վերադարձին»։
| Արդյո՞ք կարող էր քո սուրբ, Բեկված հոգին երազել, Որ դառնալու ես մի օր Քո հայրենիքը վսեմ, Որ պիտի շուրջդ բուրի Սերն ու գգվանքը մեր այս Եվ Չարենցը համբուրի Քո շրթունքները մեռած… Կարոտով խոր իբրև վերք Եվ երկյուղով սրբազան – Խոնարհվել եմ ահա ես Աճյունիդ դեմ երգաձայն, – | Սիրտն ու հոգին իմ ահա Նույն ափսոսանքն են հորդում՝ Օ՜, իմ անդարձ ննջած հայր, Որ չտեսար քո որդուն…Կխաղաղվի՜ վերջապես Խոնջած աճյունը քո հար – Դարձած մոխիր կենսաբեր, Դարձած ավյուն, դարձած քար։ – Անէացա՜ծ, սրբացած Կապրի ոգիդ հմայող՝ Դարձած ելնո՜ղ երգի ձայն – Եվ հայրենի՜ դարձած հող… |
Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հիասքանչ ստեղծագործություն է գրել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
1956 թվականին ծնվում է բանաստեղծության այն հատվածը, որն հետագայում դառնում է հանրահայտ «Անլռելի զանգակատան» բնաբանը։ 1959-ին՝ Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծության ստեղծումից 10 տարի անց, Պ.Սևակն ավարտում է վերը նշված իր գլուխգործոցը, որն այսօր էլ համարվում է Կոմիտասին նվիրված ամենավառ գործերից մեկը։ «Անլռելի զանգակատունը» բաժանվում է ղողանջների. առաջինը կոչվում է «Ղողանջ Ավետիսի».
| Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, – Դժվար է ասել… Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝ Անատոլուի խավար խորքերում | Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։ Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար, Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ, Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝ Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։ |
«Անլռելի զանգակատան» ստեղծումից հետո գրվեցին բազմաթիվ բանաստեղծություններ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Կոմիտասի ժամանակակիցների ստեղծած գործերը։ Նրանց հետ կոմպոզիտորը գտնվել է անմիջական շփման մեջ։ Օրինակ, Ազատ Վշտունու «Կոմիտասին», արևմտահայ պոետ Վահան Թեքեյանի «Կոմիտաս վարդապետ» բանաստեղծությունները։ Ազատ Վշտունու «Կոմիտասին»-ից.
| Քանի որ կա հայրենի հող, Քանի որ կա արվեստ վսեմ, Դու կմնաս սրտեր գերող, Կապրես դու միշտ, քեզ կլսեն… |
Կոմիտասի կերպարով ներշնչվել է նաև Գուրգեն Մահարին «Կոմիտաս», «Երգ».
| Նրա համար ես Աղոթում եմ, Մինչև լույսերը Աղոտում են։ Եվ աստղերը, որոնք Մշտարթուն են, Իմ աղոթքի վրա Մեղմ թարթում են։ Օգնիր նրան, – ասում եմ, – Նա ցրտումն է, Նա արև է երազում, Նա տրտում է… Հեռու լուսե իմ երկրից Մութ վանդակում, Մեռնու՛մ է նա աներգ Ու բանդագուշ… |
Անհրաժեշտ է առանձնացնել Մամեդ Ռահիմի «Արարատը»։ Անգնահատելի է այն փաստը, թե ինչպիսի ցավով է վերաբերվում մուսուլմանական ազգի ներկայացուցիչը հայկական կոտորածին, Արարատին, Կոմիտասին… Նա դիմում է Արարատին՝ խնդրելով պատմել հայ մայրերի վշտի, Մեծ Եղեռնի զոհերի մասին։ «Քանի՜-քանի՜ նոր Կոմիտասներ թաղվեցին Թուրքիայում՝ շուրթերին՝ չավարտված երգերով», – բացակաչում է բանաստեղծը։
| Պատմիր ինձ, ո՛վ Արարատ, թե Թուրքիայում քանի՞ նոր Կոմիտասներ են թաղել – շուրթերին երգ անավարտ, Քանի՞ մայրեր՝ Զոհրապի մահն են սգում ամեն օր, Քանի՞ Սուբհի են խեղդել… Պատմիր ինձ, ո՛վ Արարատ։ |
Կարճ էպիկական պատմվածքի ձևով են գրված Սարմենի երկու բանաստեղծությունները։ Դրանցից առաջինը ստեղծվել է 1932 թվականին և նվիրված է կոմիտասյան գործունեության լուսավոր էջերին.
| Լսում եմ ահա մի հոգեզմայլ, Մի չնաշխարհիկ, մեղմիկ եղանակ, Գուցե երգում է հեզահամբույր մայր, Կամ սիրատոչոր, սրտահույզ սոխակ։ Սարի հովե՞րն են այդպես մրմնջում, Թե՞ սվսվում է արտն ալեծածան, Մեծ քարավանի զանգե՞րն են հնչում, Թե՞ մորմոքում է աշունը դեղձան։ … Մաճկա՞լն է լարել անուշ հորովել, Հովվի շվի՞ն է մրմունջով երգում, Աղջի՞կն է գուցե յարից խռովել, Այդպես սրտակեզ լալիս, հեկեկում։ Այդ Կոմիտասն է, որ հնչում է հար Ե՛վ կախարդական, և՛ վառ, և՛ նրբին… Դու կապրես, երկրիս մեծ սրնգահար, Քանի երկնքում կշողա արփին։ |
Երկրորդ բանաստեղծությունը՝ «Կոմիտասի շիրմի առաջը», ինքնատիպ «տապանագիր» է՝ համակված թախծով եւ հավատով։
| Ու, քանի կա հողը հայոց, պիտի հնչի երգը քո Որպես գարնան հրեղեն կանչ, մեր ե՛րգ-երգո՜ց Կոմիտաս։ |
Կոմիտասի մասին գրվել են նաև պատմվածքներ, վեպեր, որոնցից, հատկապես, պետք է առանձնացնել Լ.Թարգյուլի «Կոմիտաս»-ը, Ս.Փանոսյանի «Վարք Կոմիտաս Կուտինացիի» վիպակը, Մ.Գալշոյանի «Ծիրանի ծառ»-ը, Տ.Վարժապետյանի «Գարուն Ա»-ն…
Այսօր էլ, աշխարհի տարբեր անկյուններում, շարունակվում են երևան գալ նորանոր ստեղծագործություններ՝ նվիրված մեծ կոմպոզիտորին՝ հայ ժողովրդի անմար հանճարին…