
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում:
Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր:
1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: Այնուհետև աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. նորից վերադարձել է հայրենիք։
1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը), խոշոր գրավով ազատվել է կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվեց արտասահմանում:

Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ. և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1945), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր: Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին: Թաղված է Երևանի պանթեոնում: