Առաջին պատմաբաններից մեկը, ով բարձրացրել է Հին Հայաստանում ստրկատիրության հարցը, եղել է Խաչիկ Սամուելյանը, ով 1938 թվականին հայկական հին աղբյուրներից հավաքել է բոլոր փաստերը, որոնք վկայում են ստրկության և ստրկավաճառության գոյության մասին։ Պատմաբան Սուրեն Երեմյանը կարծում է, որ Հին Հայաստանը եղել է ստրկատիրական պետություն, որի բնույթի ուսումնասիրությունը իրեն հաջողվել է շատ ավելի ուշ։ Այս հարցին այլ մոտեցում է ցույց տվել հայտնի պատմաբան Հակոբ Մանանդյանը, որը մ․թ․ա․ I դարի Հայաստանը բնորոշում էր որպես ֆեոդալական պետություն՝ չդիտարկելով այն ստրկատիրական հասարակարգ ունեցող պետությունների շարքում։ Նախորդած ժամանակաշրջանը Մանանդյանը բնութագրում է որպես «Նախնադարից ավատատիրական ժամանակաշրջան անցման շրջափուլ, որն ունի կիսանահապետական, կիսաավատատիրական բնույթ»։ Մանանդյանի խոսքերով, կարելի է պնդել, որ Հին Հայաստանում նահապետական կարգերի անկումից հետո կարելի է տեսնել անցումը Քսենոփոնի ժամանակների նահապետական կարգերից դեպի Արշակունիների ժամանակաշրջանի նախարարական կարգեր՝ շրջանցելով ստրկատիրությունը։ Նա նշում է նաև, որ ստրկատիրական հարաբերությունները և վարչակարգը բնորոշ չեն եղել Արտաշեսյան դինաստիային։ 1948 թվականին պատմաբան Սուրեն Երեմյանը նշել է, որ Հին Հայաստանում ստրկատիրության վերաբերյալ կարելի է խոսել, միայն, այն ժամանակ, երբ կսկսեն պեղվել Հայաստանի հելենիստական հնավայրերը։ 1951 թվականին գիտնականների խմբի կողմից հրապարակված աշխատության մեջ նշված է, որ Հին Հայաստանը ստրկատիրական հասարակարգ ունեցող պետություն է եղել, այն տարբերությամբ, որ ստրկատիրական գործընթացը այստեղ նման չի եղել դասական ստրկատիրություններ՝ Հին Հունաստանին և Հռոմին, քանի որ Հին Հայաստանում հասարակական կյանքը, պատմաբանների խմբի կարծիքով, ուղղված է եղել ավատատիրական հարաբերությունների ձևավորմանը, այլ ոչ թե ստրկատիրության խորացմանը։ Ք․Ս․ Տրեվերի կարծիքով, I-II դարերում Հին Հայաստանում ստրկատիրական հարաբերությունները սկսել են աստիճանաբար վերանալ, իսկ III դարից սկսած նկատվել է ավատատիրության ձևավորման առաջին նշանները։