Posted in Աշխարհագրություն

Երկրագործություն

Երկրագործություն (հողագործություն կամ ֆերմերություն) գյուղատնտեսության ճյուղ է, որն ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը։ Երկրագործությունը նաև գիտություն է, որն ուսումնասիրում է բույսերի մշակման ընդհանուր ձևերը, մշակում է հողի օգտագործման և հողի բերրիության բարձրացման առավել արդյունավետ եղանակները։ Երկրագործությամբ զբաղվող մարդուն անվանում են երկրագործ, ինչպես նաև հողագործ կամ ֆերմեր, իսկ երկրագործության տարածքը կոչվում է ագարակ կամ ֆերմա։ Երկրագործությունը բնակչությանը ապահովում է պարենով, անասնապահությանը՝ կերով։ Տարբերում են Երկրագործության մի քանի տեսակ՝ էքստենսիվ, ինտենսիվ, կայուն, անկայուն կամ չոր, ոռոգվող, անջրդի, լեռնային, բևեռային և այլն։ Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռևս միջին քարի դարից։ Ըստ հնագիտության տվյալների՝ առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ և այլն) մշակվել են սկսած մեր թվարկությունից առաջ 10-8 դարից։ Մեր թվարկությունից առաջ IX-VI դարում հայկական լեռնաշխարհում ստեղծվել են ոռոգման լայն համակարգեր, օրինակ մեր թվարկությունից առաջ IX դ. ստեղծվել է Շամիրամի ջրատարը, որը գործում է այսօր։ 1920-ական թվականից Հայաստանում աստիճանաբար ստեղծվել են երկրագործության ինտենսիվ համակարգեր, մեքենայացվել են գյուղատնտեսական արտադրության տարբեր շարժընթացներ, բարելավվել է գյուղատնտեսական տեխնիկան, լայնորեն կիրառվել է հողբարելավումը։ 1991-ից ՀՀ գյուղատնտեսության բնագավառում սոցիալտնտեսական կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, հաստատվել է հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների մասնավոր սեփականություն, որի զարգացումը պահանջում է ստեղծել երկյան նոր մոտեցումներ։

Leave a comment